Последние новости

ԱՐՑԱԽԸ «ԳՈՐՇ ԳՈՏԻ» ՉԷ, ԲԱՅՑ ԵԿԵ՛Ք

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, պետք է ասել, բավական հետաքրքիր է անցնում։ Ճիշտ է, դատելով ԶԼՄ-ներ հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի Ազգային ժողովը ներկայացնում է միայն Նաիրա Զոհրաբյանը, որը ելույթ ունեցավ երկու անգամ և երկու անգամն էլ՝ բավական տպավորիչ ու ծանրակշիռ։ Պատվիրակության մյուս պատգամավորները, որը Ստրասբուրգ է մեկնում չգիտես ինչու լրիվ կազմով (նախկինում գնում էին միայն հիմնական անդամները), հաջողությամբ յուրացնում են քաղաքական զբոսաշրջության ավանդույթները, որոնց հիմքը դրվել է Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցման առաջին տարիներին։

Նստաշրջանի երրորդ օրը նշանավորվեց ՀՀ վարչապետի ելույթով և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հետ նրա համատեղ ասուլիսով։ Վերջինիս ընթացքում հնչեց բավական ուշագրավ հայտարարություն, որի վրա էլ կցանկանայինք ավելի մանրամասնորեն կանգ առնել։

Յագլանդը, մասնավորապես, հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատելու Լեռնային Ղարաբաղում, հավելելով, որ հանձնակատարը զբաղվում է զուտ հումանիտար աշխատանքով։ «Անընդունելի է թույլ չտալ հանձնակատարին մտնել Եվրոպայի ինչ-որ տարածքներ, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում։ «Գորշ գոտիները» պետք է բաց լինեն հանձնակատարի համար։ Այդպիսի գորշ գոտիներից մեկը Ղարաբաղն է։ Եվ Եվրոպայի կառավարությունները պետք է հանդես գան հայտարարությամբ, որպեսզի հանձնակատարին մանդատ տրվի՝ տեղերում մարդասիրական մոնիտորինգի նպատակով այցելությունների համար»,-հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը։

Բառացիորեն նախօրեին համանման հայտարարություն էր հնչել հենց մարդու իրավունքների հանձնակատարի շուրթերից։ «Հակամարտության գոտիներում կամ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդիկ նույնպես կարիք ունեն պաշտպանվելու Կոնվենցիայով (նկատի է առնվում Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան-Մ.Գ.), ինչը տվյալ պահին այդպես չէ։ Իմ տեսակետը տվյալ հարցում հստակ է. Մարդու իրավունքների հանձնակատարը միշտ պետք է հնարավորություն ունենա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած մաս, սակայն իրականությունն այլ է։ Այդուհանդերձ ես ջանում եմ ներթափանցել բոլոր այդ գոտիներ, որպեսզի կատարեմ մարդու իրավունքների պաշտպանության իմ աշխատանքը»,-հայտարարել էր Դունյա Միատովիչը։ Նա նաև համոզմունք էր արտահայտել, թե այդ «գոտիներում» ապրող մարդիկ «զգում են իրենց անուշադրության մատնված, նրանց թվում է, թե ոչ ոք իրենցով չի հետաքրքրվում», ընդգծելով, որ իրեն պահանջվում է կառավարությունների օգնությունը այդ տարածքներ մուտքի հնարավորություն ստանալու համար, միայնակ դա անել չի հաջողվի։

Հարցն այդ վաղուց է բարձրացվում, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ այցերի ճանապարհին միակ խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է։ Հանրահայտ է նաև պատճառը. Բաքվին բացարձակապես ձեռնտու չէ, որ միջազգային պաշտոնյաներն անմիջականորեն ծանոթանան Արցախում տիրող իրավիճակին, առերես շփումներ հաստատեն և այդպիսով ցրեն այն առասպելներն ու կարծրատիպերը, որոնք Ադրբեջանը եռանդագին արմատավորում է և՛ իր քաղաքացիների, և՛ համաշխարհային հանրության գիտակցության մեջ։ Իսկ գլխավորը՝ Ալիևին ամենևին ձեռնտու չէ Արցախում ու Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի անմիջական համեմատությունը, որը միանգամից կընդգծի կտրուկ տարբերությունը և է՛լ ավելի ծանրակշիռ կդնի այն հարցը, թե ինչպես կարող է ժողովրդավարության օրենքներով ապրել ձգտող պետությունը հայտնվել հաստատված և միջազգային կառույցների կողմից բազմիցս քննադատված տոտալիտար երկրի կազմում։

Հիշեցնենք նախապատմությունը։ Անցած տարվա աշնանը ԵԽԽՎ-ն ընդունեց «Մարդու իրավունքների հարցերով մոնիտորինգային առաքելությունների անսահմանափակ մուտքի հնարավորություն ԵԽ անդամ պետությունների, այդ թվում «գորշ գոտիների» տարածքներ» անվանումով բանաձև։ Փաստաթղթին դեմ քվեարկեց, բնականաբար, միայն ադրբեջանական պատվիրակությունը։ Բանաձևի հիմնական նպատակ հայտարարվեց  իրավապաշտպան մոնիտորինգի գործիքների ներդրումը չճանաչված պետություններում գորշ գոտիներում»), այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում։ Ավելի վաղ, 2018թ. փետրվարին, Եվրախորհրդարանի 16 անդամներ նամակով դիմել էին ԵԽ-ի արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ այն հարցով, թե ինչու Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչները և ԵԽ-ի այլ պաշտոնական անձինք երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Պատգամավորները նաև հետաքրքրվել էին, թե որքանով է ԵԽ-ի ղեկավարությունը ուշադրության առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը։

Նույն օրերին տարածաշրջանում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաղորդեց Բաքվին, որ «ծրագրում է այցելել հակամարտության ընդգրկած շրջաններ, հնարավորինս շուտ, դրա հումանիտար չափումների դիտարկման գործում սեփական ավանդը ներդնելու համար»։ Մի կողմ թողնելով օգտագործված ձևակերպումները, նշենք, որ Կլաարը առ այսօր այդպես էլ չի հասել Արցախ, թեև անցել է ավելի քան մեկ տարի։ Պատճառների մասին կռահելը դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ նախկինում համանման ցանկություն են արտահայտել միջազգային կառույցների, այդ թվում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց նույնքան անարդյունք։

Այսպես, 2016 թվականին Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը խոստովանեց. «Խաղաղ գործընթացին ակտիվորեն մասնակցող մարդկանց համար կարևոր է տեսնել իրավիճակը տեղում։ Ես պատրաստ եմ այց կատարել Լեռնային Ղարաբաղ, եթե համապատասխան ուղիները կազմակերպեն դա Բաքվի և Երևանի պաշտոնական անձանց համաձայնությամբ»։ Ընդգծենք, որ ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո Վիգենինը հաղորդեց, որ «շուտով կիրականացնի այդ այցը, ընդ որում պահպանելով որոշակի պայմաններ, և իհարկե՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համագործակցության շրջանակներում»։ Կարելի է վստահորեն հավաստել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համագործակցությունը հանգեցրեց նրան, որ այցն այդպես էլ չկայացավ։

Իսկ 2017-ի մայիսին Եվրոպայի հարցերով Գերմանիայի ԱԳՆ-ի պետնախարար Միխաել Ռոտը հայտարարեց. «Եկել է ժամանակը անսահմանափակ մուտք տրամադրելու մարդու իրավունքների լիազորին ու Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային այլ ինստիտուտներին այդ տարածաշրջաններ։ Սա վերաբերվում է նաև մյուս տարածքներին, որտեղ մուտքի հնարավորություն Եվրոպայի խորհուրդն այդպես էլ չունի առ այսօր. լինեն դրանք Վրաստանին պատկանող Աբխազիան և Հարավային Օսիան, Մերձդնեստրը, թե Լեռնային Ղարաբաղը։ Մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Յագլանդին վճռականորեն շարունակել ջանքերն այդ ուղղությամբ»։

Վերջապես, 2016թ. սեպտեմբերին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, շոշափելով խնդիրը ապրիլյան իրադարձությունների համատեքստում, նշեց. «Մինչև օրս իմ գրասենյակը հնարավորություն չունի այցելել Լեռնային Ղարաբաղում բախման գոտի, այդ թվում նաև ապրիլյան իրադարձություններից հետո»։ Հենց նույն Տյուրբերն Յագլանդը այն ժամանակ հայտարարեց, որ ԵԽ-ն ոչ մի տեղեկատվություն չունի ղարաբաղյան հակամարտության գոտում մարդու իրավունքների մասին։

Տարբեր կառույցների ներկայացուցիչների Արցախ այցելելու չիրականացած ցանկության վերաբերյալ այս համառոտ պատմական էքսկուրսը ստիպում է կրկին տալ հռետորական հարցը. ի՞նչն է խանգարում միջազգային աստիճանավորներին տարիներ շարունակ միայն խոսել այդ թեմայով, բայց ոչ մի անգամ չփորձել պարզապես վերցնելու մեկնել Արցախ։ Թեև, հիշում ենք, մի քանի տարի առաջ տարածաշրջանում Եվրամիության այն ժամանակվա հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նույնիսկ ճամփա ընկավ, սակայն հանկարծակի հետ շրջվեց կես ճանապարհից։ Պետք չէ առանձնահատուկ երևակայություն ունենալ՝ հասկանալու համար. նրան կարող էր խանգարել միայն Բաքվի անսանձ հիստերիան։

Այժմ մենք ունենք Եվրոպայի խորհրդի բարձր ներկայացուցիչների՝ գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների հանձնակատարի երկու բացարձակ միանշանակ հայտարարություններն այն մասին, որ «անընդունելի է թույլ չտալ հանձնակատարին մտնել Եվրոպայի ինչ-որ տարածքներ, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում»։ Եվ չնայած Յագլանդը չի նշում այցերին խոչընդոտող երկիրը, պարզ է, որ այդ խոսքերն ուղղված են Ադրբեջանի ղեկավարությանը։ Քանի որ Արցախի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ ու բաց է ցանկացած մակարդակի շփումների համար և կարող է միայն ողջունել նման այցերը։

«Այդ կարգի հայտարարությունները կարևոր քայլ են Արցախի և միջազգային կառույցների, տվյալ դեպքում Եվրոպայի խորհրդի միջև կապերի հաստատման գործընթացում»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը։- Իհարկե, մեզ համար անընդունելի է «գորշ գոտի» ձևակերպումը, քանի որ Արցախը բոլորի համար բաց պետություն է, որն ունի զարգացած տեղեկատվական ցանց և մատչելի է ամեն տեսակի հաղորդակցությունների համար»։

Այդուհանդերձ, նրա խոսքերով, ակնհայտ են եվրոպացիների մոտեցումներում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք Սեփանակերտը դրական է գնահատում։ «Թող գան, մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել Եվրոպայից։ Դա օգտակար կլինի և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանը, որը կկարողանա իրավիճակին ծանոթանալ տեղում, ստանալ օբյեկտիվ ու լիակատար պատկերը և համեմատել դա Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ։ Հենց այդ պատճառով էլ ամեն անգամ, երբ խոսք է բացվում այդ կարգի այցերի մասին, Բաքվում իսկական հիստերիա է բարձրանում։ Ընդգծեմ ևս մեկ անգամ. մենք միայն կողմ ենք շփումների ընդլայնմանն ու անմիջական կապերին, մենք պատրաստ ենք շփվել, քննարկել ու բանավիճել»,- ընդգծեց Դ.Բաբայանը։

Կասկածից վեր է, որ միջազգային պաշտոնյաների յուրաքանչյուր այդպիսի հայտարարություն, լինի դա ԵԽ-ից, ԵՄ-ից, թե ՄԱԿ-ից, անշեղորեն մոտեցնում է այն օրը, երբ Արցախը նրանց և ողջ աշխարհի համար կդառնա ոչ թե «գորշ գոտի», այլ հիասքանչ ու զարգացող երկիր, որն ապրում է իր թեկուզև անհանգիստ, բայց լիարժեք կյանքով, որտեղ մարդու իրավունքները նույնքան կարևոր նշանակություն ունեն, որքան և այլ վայրերում, բայց որտեղ ամեն պահ առկա է այն սպառնալիքը, որ կարող է խախտվել այդ իրավունքներից հիմնականը՝ կյանքի իրավունքը։ Իսկ բազմիցս արտահայտված մտադրությունների իրականացումը կախված է այն բանից, թե կհամարձակվեն արդյոք հենց նույն Եվրոպայի խորհրդի ղեկավարները վերջապես ընտրություն կատարել մի կողմից սեփական արժեքների, իսկ մյուս կողմից՝ նավթային շահերի և այլ սպեկուլյատիվ նկատառումների միջև։

Եվ վերջինը։ Քանի որ և՛ Յագլանդը, և՛ Միատովիչը վկայակոչում են ԵԽ անդամ երկրների կառավարությունների դիրքորոշումը, ապա աշխատանքի լայն դաշտ կա հայկական դիվանագիտության և լոբբիստական կառույցների համար, որոնք պարտավոր են հասնել այդ դիրքորոշման փոփոխության՝ հօգուտ նախևառաջ մարդու իրավունքների և միջազգային կոնվենցիաների նկատմամբ հարգանքի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАРАД ДИЛЕТАНТИЗМА: ПОЧЕМУ МАКУНЦ ДО СИХ ПОР НЕ ВРУЧИЛА ВЕРИТЕЛЬНЫЕ ГРАМОТЫ БАЙДЕНУ?
      2021-11-25 10:32
      2179

      12 ноября президент Армен Саркисян подписал два указа о назначении послов Армении: Виктора Енгибаряна в Германии, Соса Аветисяна – в Испании. Оба - верные сторонники Пашиняна, бывшие депутаты от правящей партии, оба - никогда не работали в МИД. 40-летний Енгибарян и 32-летний Аветисян пополнили список "политических" назначений послами людей из близкого круга Пашиняна, не являющихся карьерными дипломатами.

    • ЧТО ЖЕ СЛУЧИЛОСЬ С ТАРОНОМ СААКЯНОМ?
      2021-11-22 10:21
      1813

      И почему в плен попадают только армянские военнослужащие? Вечером 17 ноября CМИ сообщили, что из Баку в Ереван летит заместитель командующего войсками Южного военного округа генерал-лейтенант Рустам Мурадов, который везет "груз-200". Сообщалось, что на борту - тела армянских военных, погибших в результате боестолкновений на границе, пленных нет. Спустя пару часов выяснилось, что Мурадов привез тело одного армянского военнослужащего, убитого накануне в ходе вооруженной агрессии Азербайджана на восточном направлении армяно-азербайджанской границы. Утром Минобороны РА назвало имя погибшего - старший лейтенант Тарон Саакян, 1990 года рождения.

    • ПАШИНЯН И АЛИЕВ ПЕРЕШЛИ К "ПРАКТИЧЕСКИМ ДЕЙСТВИЯМ" НА ПУТИ К "ЗАНГЕЗУРСКОМУ КОРИДОРУ"
      2021-11-19 09:39
      2091

      Уже невозможно не заметить, что власти РА даже не скрывают своей цели как можно более полноценно обслужить турецкие интересы, как и средства ее достижения. Пашинян уже который раз выступает в парламенте с признанием собственных действий, представляющих собой явную угрозу государственным и национальным интересам Армении, каждое из которых в нормальной стране тянуло бы как минимум на возбуждение уголовного дела. Но дальше резких заявлений оппозиционеров и гневных комментариев в соцсетях дело не идет, ибо все государственные структуры, призванные защищать и обеспечивать армянские интересы, полностью подчинены капитулянту и руководствуются не Конституцией и законами, а исключительно указаниями Пашиняна.

    • КАПАН ДАРИТ НАДЕЖДУ?
      2021-11-15 14:57
      929

      Опубликованные Центризбиркомом предварительные результаты выборов в Совет старейшин укрупненной общины Капан подтвердили как прогнозы наблюдателей, так и появлявшиеся уже с позднего вечера 14 ноября сообщения о сокрушительном поражении правящей силы в Капане. Победа националистической партии "Блок Шант" список которой возглавил действующий глава областного центра Геворк Парсян, оказалась более чем убедительной: 70,64% (11839 голосов) против 29,36% (4922 голоса) "Гражданского договора".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ