Последние новости

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ և ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴՌՆԲԱՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Դատարանի դահլիճում են նրա աջակիցները, այդ թվում որդին՝ Լևոն Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանին դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով և «ազատություն» վանկարկումով:

Մեղադրանքը ներկայացնում են Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը: Դատարանը 10 րոպե ընդմիջել է նիստը, դատախազների ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև դատավորը կարգադրեց դատական կարգադրիչներին լուծել ձայնի խնդիրը, որովհետև լսելի չէ դատաքննության մասնակիցների խոսքը:

Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։

Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

 Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

Այսպես. համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Ըստ մեղադրանքի՝ Յուրի Խաչատուրովը 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309000000 ՀՀ դրամին համարժեք 1000000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ