Последние новости

«Մենք չպետք է թույլ տանք Ադրբեջանին ահաբեկել հարևաններին»

Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը առաջին անգամ կայացրել է արցախամետ որոշում, իհարկե մինչ այդ Արցախին տարիներ շարունակ ցուցաբերված մարդասիրական օժանդակության վերաբերյալ որոշումները չհաշված: Խոսքը կոնգրեսական Ջուդի Չուի առաջարկած նախաձեռնությանը հավանություն տալու մասին է, որը վերաբեում է դեռևս 2015 թվականից կոնգրեսականներ Ռոյի և Էնգելի ներկայացրած առաջարկը պաշտպանող լրացմանը:

Իսկ Ռոյի և Էնգելի առաջարկը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայմանը: Այդ առաջարկը հնչել էր դեռևս 2015-ի աշնանը, երբ Բաքուն մի քանի տարի շարունակ ինտենսիվորեն լարում էր իրավիճակը, մեծացնում ագրեսիայի կալիբրը:

2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո այդ առաջարկը գործնականում դրվեց Վիեննայի հանդիպման սեղանին, սակայ հետո մի շարք հանգամանքների բերումով այն հետ մղվեց: Դրան ոչ միայն Ադրբեջանն էր դեմ, այլ նաև Ռուսաստանը, որն այդ մեխանիզմի տեղակայման հետևանքով կորցնում է կոնֆլիկտի քաղաքական կառավարման մենաշնորհը կամ գերիշխող դիրքը: Ադրբեջանը դեմ է, քանի որ մեխանիզմները համարում է ստատուս-քվոյի փաստացի ամրագրում և չանաչում:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, 2016-17 թվականների գործընթացի հետևանքով բավականին հետին պլան մղված Վիեննայի պայմանավորվածությունների փոխարեն օրակարգ եկավ Դուշանբեի սեպտեմբերյան պայմանավորվածությունը: Մի քանի ամիս շարունակ Ալիևը հավատարիմ էր դրան և զարմանալիորեն փորձեց իրավիճակը լարել Վաշինգտոնում հունիսի սկզբին սպասվող արտգործնախարարական հանդիպումից առաջ:

Երևանը հայտարարեց, որ այդ դեպքում Վաշինգտոնի հանդիպումը ստանում է օրակարգային հստակ գերակայություն, թերևս ակնարկելով, որ Դուշանբեն մոռանալու արագայում Երևանը Բաքվին կսկսի հիշեցնել Վիեննան: Հայաստանի արտգործնախարարը միաժամանակ հայտարարեց, որ լարվածության դեպքում հարկ կլինի խոսել Դուշանբե պլյուսի մասին:

Երևանն այդպիսով Բաքվին առաջարկում է կարկանդակ կամ մտրակ: Եթե Բաքուն շարունակում է պարբերաբար դիմել մարդասպանության շանտաժի, ապա օրակարգ է բերվում, և թերևս արդեն առանց որևէ երկիմաստության՝ Վիեննայի հարցը, մեխանիզմների պահանջը: Եթե Բաքուն չի գնում շանտաժի մարտավարության, ապա Երևանը կարող է բավարարվել Դուշանբեով՝ Բաքվին թույլ տալով չկանգնել Վիեննայի փաստի առաջ:

Այդ ֆոնին Միացյալ Նահանգների Կոնգրեսը հղում է երկու առանցքային ազդակ՝ հավանության արժանացնելով մի կողմից Չուի լրացումը Էնգելի և Ռոյի դեռևս 2015-ի առաջարկին, այդպիսով ցույց տալով Բաքվին, որ Նահանգների քաղաքական օրակարգում էլ այն մոռացված չէ,և Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանանում ևս մեկ նախաձեռնություն՝ Բրեդ Շերմանի, որը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին: Դրանով նախատեսվում է արգելել Նահանգների այնպիսի զենքի տրամադրում Բաքվին, որը կունենա քաղաքացիական օդանավեր խփելու հնարավորություն:

Ստեփանակերտի օդանավակայանի համատեքստում արվող նախաձեռնությունը Նահանգների ակնարկն է Բաքվին թերևս ՙմեխանիզմներ պլյուս՚ տարբերակով:

Կոնգրեսի քաղաքականությունն իհարկե զգալիորեն տարբեր է Սպիտակ տան վարչակազմի քաղաքականությունից, սակայն միևնույն ժամանակ հատկանշական է այն, որ ազդակները հղվում են հենց օրենսդիր մակարդակում, որն ամերիկյան քաղաքական համակարգի թերևս ամենաանզիջում և կարծր մակարդակն է: Ի վերջո հատկանշական է նաև այն, որ դա հաջորդում է Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպմանը, որի շրջանակում երկու արտգործնախարարներին առանձին-առանձին ընդունել էր նաև ՙբազեն՚՝ Ջոն Բոլթոնը, որը ևս այսպես ասած կարծր և անզիջում գործչի համարում ունի: Այլ կերպ ասած, Կոնգրեսի որոշումներում կամ Բաքվին հղված ազդակերում ուղղակի, թե անուղղակի, բայց ՙթևածում՚ է Բոլթոնի ոգին և շունչը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ