29 ԽԱԽՏՈՒՄ, ՈՐ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ․ ՑԱՆԿ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:
26/07/2018թ․ ունենալով առաջին մեղադրանքի հիմքում ընկած նյութերը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության է հրավիրել որպես վկա:
26/07/2018թ․ մեղադրանք է առաջադրվել արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել /Սահմանադրական կարգի տապալում, որը քրեականացվել է 2009 թվականին
Կալանավորման միջնորդության նյութերի մի մասը, առկա լինելով նախապես, պաշտպաններին է տրամադրվել դատական նիստից 25 րոպե առաջ: Կալանքի միջնորդության քննության վերաբերյալ դատական ծանուցումը պաշտպանին է տրվել նիստից 25 րոպե առաջ
Ռոբերտ Քոչարյանին ժամը 22:00-ի դատական նիստի ծանուցագիրը հանձնելու նպատակով այն տրվել է անվտանգության աշխատակցին 23:05-ին: Սեղմ ժամկետում դատական նիստի վերանշանակումը օգտագործելով, օգտագործելով մինչ օրս չբացահայտված տեղեկատվությունը /այն է՝ ԱԱԾ ստացված տվյալներ/, չունենալով բավարար հիմքեր, նույն օրը քննիչը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, մինչդեռ վերջինս միայն հաջորդ օրը տեղեկանալով դատական նիստի մասին, առավոտյան ներկայացել է դատարան:
Դատարանը ստանալով կալանավորման միջնորդությունը 26.07.2018թ․ ժամը 18:00-ից հետո, դատական նիստ է նշանակել նույն օրը 22:00-ին՝ հնարավորություն չտալով պաշտպաններին ծանոթանալ միջնորդությանը կից ծավալուն նյութերին: Դատական նիստը հետաձգել է 2 ժամով, որպեսզի ապահովի հնարավորություն քննիչների համար դատական նիստի մասին ծանուցել Ռոբերտ Քոչարյանին, միևնույն ժամանակ մերժելով պաշտպանների խնդրանքը նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրելու:
27/06/2018թ․ դատարանը, անտեսելով նախագահի անձեռնմխելիությունը և կալանավորման մյուս պայմանների բացակայությունը, կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին: Հետագայում հայտնի է դարձել, որ դատարանի որոշումը կայացվել է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի, վարչապետի միջամտության արդյունքում: Առ այսօր որևէ իրավական գնահատական չի տրվել նշված անձանց գործողություններին:
30/07/2018թ․ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին՝ առանց պատճառաբանության և հիմնավորման, ինչով անհիմն սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը: Նման գործողություններով հիմնավորվել է առանց քրեական գործի համար անհրաժեշտության քրեադատավարական հնարավոր բոլոր եղանակներով Ռոբերտ Քոչարյանի դեմ ճնշումներ գործադրելու նպատակը: Իրավունքի խախտումը ճանաչվել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից:
02/08/2018թ․ քննիչը կատարել է առերեսում Ռոբերտ Քոչարյանի և Արշակ Կարապետյանի միջև՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ: Մասնավորապես, քննիչին նախապես հայտնվել է, որ իր նախաձեռնած գործողությունը իրավաչափ չէ, ինչից հետո պարոն Քոչարյանը և փաստաբանը դուրս են եկել քննչական գործողության սենյակից, սակայն հետագայում պարզվել է, որ քննիչ Մուշեղյանը շարունակել է գործողությունը, արձանագրել վկայի խոսքերը, իսկ առերես հարցաքննության արձանագրության մեջ կատարել է կեղծիք՝ նշել է, որ միայն վկայի խոսքից հետո է Ռոբերտ Քոչարյանը հեռացել:
06/08/2018թ․ քննիչը Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից և գրասենյակից առգրավել է քրեական գործի համար նշանակություն չունեցող գույք և փաստաթղթեր, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, օրինական զենքեր, որոնց վերաբերյալ հետագայում չի ստացվել որևէ տվյալ քրեական գործի հետ առնչության մասին, սակայն առ այսօր առանց իրավական հիմքերի չեն վերադարձվել առգրավված իրերը: Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից արձանագրվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:
13/08/2018թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտականությունը ինքնուրույն, առանց դիմումի անհապաղ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչպես նաև անհիմն մերժել է անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը: 29/08/2018թ․ քննիչին հեռախոսազանգով տեղեկացվել է, որ նշված անձնագիրը չվերադարձնելը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ․ ՍԴՈ-1360 որոշմանը, այդ որոշման օրինակը հաջորդ օրը առձեռն հանձնվել է քննիչին՝ համապատասխան հիմնավորումների ընդգծմամբ, կրկին առաջարկվել է առանց լրացուցիչ բողոքարկումների կատարել համապատասխան գործողությունը /անձնագրերի վերադարձը/, ինչը չի կատարվել: Դատական բողոքարկման արդյունքում դատարանի կողմից ճանաչվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը քննիչի այդ գործողություններով:
Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, թեև վերաքննիչ դատարանի որոշումը բացառել է ոչ միայն կալանքի հնարավորությունը, այլև առհասարակ որևէ խափանման միջոցի, քանի որ արձագրված է եղել Նախագահի անձեռնմխելիության առկայությունը, և այդ որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը չի դադարեցրել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ անձեռնմխելիության հիմքով, մինչդեռ պարտավոր էր, քանի դեռ որոշումը բեկանված չէր:
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների հրապարակումից հետո հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործությունից տուժող՝ չնայած ակնհայտ փաստերին, որ հեռախոսազրույցների բովանդակությունը վերաբերվել է նրան կալանավորած դատավորին դատական ակտ կայացնելու ցուցում տալուն,
Առանց որևէ թույլատրելի ապացույցի վկայակոչման քննիչը համարել է, որ Ռոբերտ Քոչարյանի որդիներին պատկանող գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին և նրանց գույքը առանց հիմնավորման և պատճառաբանության 25/10/2018թ․ դրել է կալանքի տակ: Թեև քննության ընթացքում որևէ նոր բան չի բացահայտվել, սակայն Լևոն Քոչարյանի գույքը ազատվել է կալանքից դատախազի կողմից /նախնական հիմքը փաստորեն համարվել է անհիմն/, սակայն շարունակվել են պահպանվել Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ սահմանափակումները: Նշվածից ակնհայտ է, որ դատավարական գործիքներով ճնշումները ուղղվել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության համար քննիչի կողմից ներկայացվել են միակողմանի ընտրված նյութեր, պաշտպաններից և դատարաններից թաքցրել է գործի այն նյութերը, որոնցով հերքվում են իր պնդումները, որպես օրինակ՝ չեն ներկայացվել տասներկու անձանց ցուցմունքներ, որոնցով հերքվում է Արշակ Կարապետյանի ցուցմունքի մի նախադասության՝ քննիչի ենթադրյալ մեկնաբանությունը: Ընդ որում, ունենալով այդպիսի ցուցմունքներում առկա հակասություններ՝ քննիչը չի նախաձեռնել իրականացնել առերես հարցաքննություններ, հետևաբար չի կատարել գործի բազմակողմանի քննություն, չի ցանկացել «վնասել» իր պնդումները, ըստ իրեն, հիմնավորող ապացույցները: Հատկանշական է նաև այն, որ քննիչը ոչ միայն ինքը դատարանին չի ներկայացրել հիմնավոր կասկածը հերքող ապացույցները, այլև այդպիսի ապացույցների առկայության վերաբերյալ հարցերին տվել է խուսափողական պատասխաններ՝ ցուցադրելով դիտավորություն թաքցնելու դրանք դատարանից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր լիազորությունների անցմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը և գործը ուղարկել է վերաքննիչ դատարան նոր քննության, թեև ինքը պետք է կայացներ վերջնական որոշում, ինչը հաստատվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ 07/05/2019թ․ որոշմամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա սկսել է գործի քննություն, գործը մակագրվել է դատավորի՝ հիմք ընդունելով դատավորների միջև անցկացված վիճակահանությունը, ինչը նախատեսված չէ օրենքով, և խախտել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի 07/12/2018թ․ դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ զրկելով պարոն Քոչարյանին իր դեմ կայացված դատական ակտը առնվազն մեկ ատյան բողոքարկելու հնարավորությունից:
Ընդհանուր իրավասության դատարանը անհապաղ քննության ենթակա՝ գրավ կիրառելու մասին միջնորդության քննությունը հետաձգել է 12 օրով, այնուհետև առհասարակ քննության չի առել այդ միջնորդությունը:
Կալանքի ժամկետը երկրորդ և երրորդ անգամ երկարացնելիս ընդհանուր իրավասության դատարանների կազմերը ձևավորվել են օրենքի պահանջի խախտմամբ, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կամայական որոշումներով՝ ինչով խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
Քննիչը անհիմն մերժել է թիվ 62202608 քրեական գործի նյութերի տրամադրումը՝ գործի քննության օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը գնահատալու հնարավորությունից զրկելով պաշտպաններին: Ավելին, մերժման որոշման մեջ բացահայտ նշել է, որ այդ գործից անջատված գործին կցված են մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղսագրվող արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը: Մինչդեռ, գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը պահանջում է ներկայացնել ոչ միայն մեղսագրվող արարքներն ապացուցող փաստաթղթեր, այլև դրանք հերքողները:
Նախաքննության ավարտից հետո քննիչը գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմից տվել է ակնհայտ անհամաչափ ժամկետ՝ գործնականում ընդունված ժամկետից կրկնակի քիչ՝ ինչով առանց հիմքերի սահմանափակել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը՝ զրկելով արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել քննիչի, դատախազների կողմից, մեղադրանքի անհստակությունը անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ պաշտպանների կողմից, որոնց ըստ էության պատասխան այդպես էլ չի տրվել: Ավելին, նշված գործելակերպը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությանը, որ մեղադրանքի պարզաբանման պայմաններում անձը չի կարող համարվել պատշաճ մեղադրյալ և նրա նկատմամբ կալանք չի կարող կիրառվել:
Գործադիր և օրենսդիր իշխանության կողմից նախաձեռնվել են բացահայտ ճնշումներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ, վերջինի նկատմամբ ներկայում իրականացվում է քրեական հետապնդում:
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննության է առել ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բերված բողոքները, թեև դրանք օրենքով սահմանված կարգով մակագրված չեն եղել իրեն:
Վերաքննիչ դատարանը, չունենալով լիազորություն, բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, ինչպես նաև խախտելով նախադեպային պրակտիկան, գնահատել է հիմնավոր կասկածի առկայությունը, ինչով միջամտել է ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը և ապօրինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ կիրառելով նորմեր, որոնց համապատասխանությունը Սահմանադրությանը վիճարկվել է և այդ հարցը գտնվել է Սահմանադրական դատարանի վարույթում,
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանին զրկել է դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից՝ փաստացի կալանավորման հարցը քննելով միայն մեղադրանքի կողմի մասնակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները ներկա են եղել դատական նիստին և ցանկացել են հանդես գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումը, սակայն սկզբում դատարանը ընդունելով որ համապատասխան ընթացակարգերը ամբողջությամբ հստակ չեն օրենքում, իր որոշումներով կամ այլ կերպ չի կարգավորել խնդիրը, իսկ հետո էլ նշվածի հիման վրա զրկել է պաշտպանական կողմին հանդես գալու իրավունքից: Մեր տեղեկություններով սա ՀՀ-ում միակ դեպքն է, երբ կողմը ներկա է դատական նիստին, ցանկանում է հանդես գալ, սակայն դատարանը նրան զրկում է նշված հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը, առանց իրավական հիմքերի, չի վերադարձրել քրեական գործի նյութերը ընդհանուր իրավասության դատարան՝ խոչընդոտելով գործի քննությունը շարունակելուն:
Ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան մեկ ամիս քննության չի առել ստանալուց հետո անմիջապես քննության ենթակա միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ:
Aysor․am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-05 20:27
Թող ներեն ինձ մեր վրացի եղբայրները, բայց ժամանակին մի այսպիսի հայտնի անեկդոտ կար։. Վրացական դպրոցում թվաբանության դաս է։ Ուսուցիչը հարցնում է. «Գոգի, ինչքա՞ն կլինի՝ երկու անգամ երկու»։ Գոգին կանգնում է ու հպարտ պատասխանում. «Ո՛ւթ»։ Ուսուցիչը նախատինքով տարուբերում է գլուխը. «Գոգի, ախր լավ, թող լինի հինգ, վեց, յոթ... բայց հաստատ ո՛չ ութ»։
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-11-27 21:53
«Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։