Последние новости

Փաստաբան. Գագիկ Խաչատրյանի ձերբակալության որոշումը կբողոքարկվի

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը երեքշաբթի լրագրողներին ասաց, որ մտադիր է բողոքարկել իր պաշտպանյալի ձերբակալության որոշումը, տեղեկացնում է Newsarmenia.am:

Խաչատրյանը ձերբակալվել է երեքշաբթի ԱԱԾ-ի կողմից: Ձերբակալվել է նաև ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը:

«Առավոտից խուզարկություն են անցկացվում նրա բնակության վայրերում, այդ թվում` Ծաղկաձորում: Առգրավվել է օրինական զենք, և ուրիշ ոչինչ: (Իրավապահները` խմբ.) փնտրել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, չեն գտել, այդ իսկ պատճառով չեն առգրավել: Չգիտեմ` ինչ են փնտրում», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ թեև բերման ենթարկելու ակտ է կազմվել, բայց դա, ըստ էության, տեղի չի ունեցել, քանի որ Խաչատրյանն առավոտից մասնակցել է գործընթացներին և փաստորեն ամենասկզբից տեղեկացված է եղել իր հասցեին առկա կասկածանքների մասին և ինքն է ներկայացել ԱԱԾ:

Նա շեշտեց, որ ձերբակալության նպատակը կարող է լինել հանցագործությունը կանխելը կամ դրանից անմիջւապես հետո փախուստը կանխելը, այնինչ մեղադրանքը տարիներ առաջ կատարված հանցանքին է վերաբերվում, իսկ փախուստի դիմել Խաչատյանը չէր պատրաստվում, քանի որ 2019 թվականին, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, վերադարձել է Հայաստան, ինչը վկայում է, որ փախուստի նպատակ չի ունեցել:

«Ավելին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով նրանց չհեռանալու ստորագրություն են վերցրել որպես խափանման միջոց: Այդ կարգավիճակում է նա արդեն մոտ վեց ամիս, և ակնհայտ է, որ նա չի թաքնվում», - ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ մեղադրանքներից մեկը վերաբերում է նրան, որ ՊԵԿ որոշ աշխատակիցներ, աշխատանքի չգնալով, աշխատավարձ են ստացել։

«Դեռ պետք է պարզել, որքանով էր ՊԵԿ նախկին ղեկավարն ընդհանրապես տեղյակ դրանից», - ասաց նա, նշելով, որ տվյալ դեպքում չի կարելի խոսել միլիոնավոր դոլարների մասին, որոնք ավելի վաղ հիշատակել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին մեղադրանքի հնարավոր առաջադրմանը 72 ժամի ընթացքում, ինչպես դա պահանջում է օրենքը, փաստաբանը նշեց, որ դրա համար հիմքեր չի տեսնում:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ