Последние новости

Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Իրանի իր գործընկերոջը ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում այս տարի փետրվարին Իրան կատարած տպավորիչ այցից հետո։

«Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, և Հայաստանում մեծ կարևորություն են տալիս հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերություններին։

Երկուստեք կարևորվել է պարբերաբար գումարվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերի գործունեությունը, որի արդյունքում ձեռք են բերվում տնտեսական կապերի զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի:

«Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել:

Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար: Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում է armeniasputnik.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ