Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ՊԱՆԴՈՐԱՅԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԿՂ

Մայիսի 28-ին ես կարճատև դադար վերցրեցի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և բախտի քմահաճույքին, առանց մեկնաբանության թողեցի ընթացիկ իրականությունը: Բայց ուզում եմ միանգամից հանգստացնել ձեզ, ամեն ինչ լավ ավարտվեց, փա՜ռք Աստծո, իրականությունն ընթանում էր հաստատված ուղղությամբ և նախանշված հունով. հասարակության վրա ճնշումը՝ նորմայի սահմաններում, սուտը՝ չափավոր աստիճանի առատ, իշխանական ուղեղներում՝ ամպամածություն և հիշողության հալոցք։ Սակայն, ինչպես զգուշացնում էր Ժողովող անունով մի շատ հին հրեա, սկզբունքորեն ոչ մի նոր բան առաջիկա մի քանի հազար տարիների ընթացքում չի էլ սպասվում։ Ողջ աղը մանրամասների մեջ է. դրանցից մեկի մասին էլ կպատմենք:

Ինչպես խորհրդարանում հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իր գերատեսչությանն առընթեր կստեղծվի պետական բյուջեից ֆինանսավորվող «անկախ փորձագետների» հատուկ աշխատանքային խումբ, որը գործունեություն կծավալի միանգամից մի քանի ուղղություններով. ա) 1991թվականից մինչև 2018-ի մայիսն ընկած ժամանակահատվածում ընտրությունների և հանրաքվեների կեղծման դեպքերի ուսումնասիրություն, բ) ապօրինի հարստացման փաստերի բացահայտում, այդ թվում ՝ պետական միջոցների հաշվին, գ) նույն ժամանակահատվածում բանակում զինծառայողների մահվան հանգամանքների հետաքննություն:

Այո, բա՛յց... Այստեղ կարելի է դնել ցանկացած քանակի բացականչական ու հարցական նշաններ, ձեռքերն իրար զարկել ու բռնել գլուխը կամ սիրտը, կախված նրանից՝ ինֆարկտով, թե ինսուլտով եք նախընտրում ավարտել ձեր ներկայությունը հայրենի հողի վրա, բայց փաստը մնում է փաստ. իրականությունը «նոր Հայաստանում» գնալով ավելի հեռու է սողում առողջ բանականությունից։ Երկիրն առաջ տանելու փոխարեն, կրկին փորփրել անցյալը՝ թշնամիների որոնումներով. նման բան նույնիսկ ես՝ քաղաքականությունից անչափ փչացած մարդս, ենթադրել չէի կարող։

Եթե ձեր առաջին շոկն արդեն անցավ, ապա եկեք առանց սարսուռի երկրորդ ալիքին սպասելու՝ մի քանի հարց տանք: Խոստանում ենք դա անել դանդաղ ու կարճ նախադասություններով։ Առանց բարդ բառերի: Որպեսզի հասկանան Փաշինյանը, Բադասյանը և այս անհեթեթ նախաձեռնության մյուս հեղինակները։

Այսօր բոլորը, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ճամբարում, խոսում են այն մասին, որ միայն համատեղ ջանքերով, մոռանալով գժտությունների, տարաձայնությունների մասին և համախմբվելով, մի կողմ նետելով հավակնությունները, բացառելով ատելությունն ու ագրեսիան, նայելով առաջ, այլ ոչ թե անցյալը քչփորելով, մենք կարող ենք դուրս բերել երկիրն ու հասարակությանը խոր ճգնաժամից։ Ավելին, ապրիլի 24-ին Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում պատրաստվում է համահայկական քննարկման դնել համազգային ներուժի միավորման հայեցակարգը։ Թե՞ վարչապետն այդ մասին էլ մոռացավ։ Ասենք, Փաշինյանի հիշողության ընտրողական կորուստներն արժանի են առանձին կոնսիլիումի։

Բայց ախր նախադպրոցականին էլ պարզ է, որ մեր երեսնամյա պատմությունը փորփրող ու մեղավորներ նշանակող «հատուկ հանձնաժողովի» գործունեությունը միայն է՛լ ավելի կպառակտի հասարակությանը, կտրուկ կավելացնի փոխադարձ մեղադրանքների ու թշնամանքի մակարդակը։ Սակայն Փաշինյանը երազում է հենց այդպիսի մեծ շոուի մասին։ Հնարավոր կլինի, շեղելով հասարակության ուշադրությունն իր կառավարման աղետալի հետևանքներից, պաթետիկ ճառեր արտասանել, շանթ ու որոտ արձակել, մեղադրել, փռել ասֆալտին, նետել բանտեր։ Չէ՞ որ ուրիշ ոչ մի բան նա չի կարողանում անել։ Պատկերացնո՞ւմ եք արդյոք որևէ կառուցողական, օգտակար գործունեությամբ զբաղված Փաշինյանի։ Չե՞ք պատկերացնում։ Ինձ մոտ էլ է դա դժվարությամբ ստացվում։ Դեռ հարցեր ունե՞ք այն առնչությամբ, թե Փաշինյանի ինչին է պետք այդ հանձնաժողովը։

Այդ ի՞նչ «անկախ փորձագետներից» է դա բաղկացած լինելու, ի՞նչ բնութագրիչներով են նրանց ընտրելու։ Առ այսօր Փաշինյանի կողմից նշանակված իսկապես անկախ որևէ մեկին մենք այդպես էլ չտեսանք։ Ի՞նչ սկզբունքներով են, բացի երկակի չափանիշներից, առաջնորդվելու այդ «անկախ փորձագետները»։ «Երկակի չափանիշ» արտահայտությունը հորինել են համեմատաբար վերջերս, իսկ նախկինում համապատասխան երևույթը նշելու համար օգտագործում էին աստվածաշնչյան համարժեշ բնորոշիչը։ Փարիսեցիությունը, որն այս իշխանությունների օրգանական հատկանիշն է, արտահայտվում է երբեմն մոծակին հետևելու, իսկ երբեմն էլ ուղտ կուլ տալու ունակությամբ. ելնելով հանգամանքներից։

Ինչպե՞ս է ինչ-որ հանձնաժողով բացահայտելու և աապացուցելու ապօրինի հարստացման փաստերը, եթե պետության բոլոր իրավապահ մարմինները՝ միասին վերցրած, երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան դատարան հասցնել գոնե մեկ կոռուպցիոն գործ։ Եվ դա այն դեպքում, երբ օրենքն իրավապահների համար «նոր Հայաստանում» շատ հարմար է դարձել կիրառման առումով. մի կողմից ճկվում է, մյուս կողմից՝ մահացու խոցում։ Դամասկոսյան պողպատ, մի խոսքով։

Չէ, իրենց ուժը իրավապահները ցույց են տվել բազմիցս։ Բայց որ մի քիչ էլ ամոթ և ուղեղ ցույց տան, մի տեսակ չի ստացվել։ Թեպետ, եկեք չպահանջենք նրանցից անհնարինը։ Իսկ այ Փաշինյանը, ի տարբերություն մեզ, «անկախ փորձագետներից» պահանջելու է հենց անհնարինը։ Այս կարգի նախորդ դեպքը նկարագրվել է շատ տարիներ առաջ՝ Շառլ Պերրոյի կողմից։ Այնտեղ նույնպես մի տականք, գնալով պարահանդես, կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ խնդիրներ դրեց իր ատելի խորթ դստեր առջև։ Մոխրոտիկին փրկեցին հրաշագործ փերին ու մի եվրոպական արքայազն, որը տարավ նրան այդ գժանոցից։ Թե ինչպես է իրավիճակից դուրս գալու հանձնաժողովը, գաղափար չունեմ։ Հավանաբար՝ կողմնորոշվելու են ազգանուններով։ Օրինակ, եթե մարդու անունը Խաչատուր Սուքիասյան է կամ Սամվել Ալեքսանյան, ուրեմն՝ ունեցվածքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Իսկ եթե, Աստված մի արասցե, Ռուբեն Հայրապետյան կամ Գագիկ Խաչատրյան, ապա անօրինական։ Ճի՞շտ ենք դատում։

Ինչպե՞ս է հանձնաժողովը պարզելու, թե ինչ-որ ընտրություններ կեղծվել են։ Ասենք՝ Գագիկ Ջհանգիրյանի ցուցմունքների հիման վրա՞։ Կարծում ենք, միայն նրա ցուցմունքները միանգամայն բավարար կլինեն։ Հռոմեական իրավունքում հայտնի է «Testis unus, testis nullus» բանաձևը, այսինքն՝ «մեկ վկան վկա չէ», սակայն «հեղափոխական» իրավունքն այդչափ բծախնդիր չէ։ Բայց այդ դեպքում հարկ կլինի պատասխանել նաև բազմաթիվ հարակից հարցերի. կոնկրետ ո՞վ է կեղծել, հատկապես ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ և այլն, ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, որոնք կեղծել են, օրինակ, 1996 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Պե՞տք է արդյոք գնահատական տալ այդ մարդկանց գործողություններին։ Եթե այո, ապա ի՞նչ գնահատական։ Իրավական, թե՞ քաղաքական։ Արժե՞ արդյոք 25 տարի անց ենթարկել քրեական պատասխանատվության։

Եվ ո՞վ ասաց, թե հասարակությունը կհամաձայնի հանձնաժողովի եզրակացություններին։ Եթե նույնիսկ տասը հանձնաժողով հայտարարի, թե 1996-ի նախագահական ընտրություններն ազնիվ են եղել, շա՞տ կգտնվեն արդյոք այդ պնդումը կասկածի տակ չառնողներ։ Կարծում ենք, դրանում կասկած չունի նաև Փաշինյանը։ Եվ 2008-ի մարտի 1-ին էլ կասկած չուներ։

Ինչպե՞ս է մտադիր հանձնաժողովը բացահայտել 1991 թվականից ի վեր բանակում զինծառայողների մահվան հանգամանքները: Ինչպե՞ս են դա պատկերացնում «անկախ փորձագետները»։ Մի՞թե դա չի հանգեցնի նրան, որ ամեն շաբաթ կառավարության շենքի առջև կհավաքվեն ոչ թե երկու տասնյակ, այլ մի քանի հարյուր սևազգեստ մայրեր։ Դա՞ է Փաշինյանի ուզածը։ Եվ ինչքա՞ն ժամանակ է հանձնաժողովը պատրաստվում է աշխատել։ Չէ՞ որ օրինագծում այդ մասին ոչինչ ասված չէ։ 5 տարի՞, 20, 50։ Այս հարցերը կարելի է շարունակել շատ երկար։ Իսկ հանձնաժողովի գործունեությունը մշտապես նոր հարցեր է ծնելու։

Ինչո՞ւ է Փաշինյանն իր նախաձեռնությունն առաջ մղում նույնպիսի մոլեգնությամբ, ինչպես սաղմոնն է լողում ձվադրման։ Չէ՞ որ արդեն այսօր ակներև է, որ նման հանձնաժողովը ոչ միայն անօգուտ է (ճշմարտությունը պարզելու իմաստով), այլև չափազանց վնասակար՝ մի շատ պարզ պատճառով։ Նախ, դա իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու հիանալի միջոց է։ Երկրորդ, հանձնաժողովը Փաշինյանի ձեռքում ևս մեկ զենք կդառնա ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, ևս մեկ գործիք, որի օգնությամբ հնարավոր կլինի շարունակել պառակտել հասարակությանը, անվստահություն, ագրեսիա և ատելություն սերմանել ։

Կարելի՞ է և պե՞տք է արդյոք շարունակել հանդուրժել այս այլանդակությունը։ Մենք, հավանաբար, կարող ենք մի քիչ էլ համբերել, բայց լավ համբերում են, երբ գիտեն՝ ինչի համար։ Անչափ կցանկանայինք իմանալ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РАСКРАШЕННЫЕ ПТИЦЫ ПАШИНЯНА
      2024-11-06 10:24

      Внутрипартийные войны начинаются по-разному. Иногда их хотят. Готовят. Рвутся в бой под аплодисменты соратников. Накачивают себя адреналином до такого состояния, что не воевать уже и неудобно. Хотя за что именно воевать, ясно далеко не всегда даже до войны, а уж после войны - и подавно. Иногда войны случаются внезапно, незапланированно, нечаянно. Из чьей-то глупости. Из переоценки собственных сил или недооценки сил противника. Но хуже всего, когда воевать не за что, а войны избежать невозможно. Войны такого рода - как лобовое столкновение поездов. Каждый несется по единственно возможной для него дороге. Сворачивать некуда, а если кто-то и остановится, это никого не спасет. И все ищут спасения в скорости и силе удара.

    • ПРИОРИТЕТЫ ВЛАСТИ ПАШИНЯНА: ПСИХБОЛЬНИЦЫ И ТЮРЬМЫ
      2024-11-05 09:50

      Ну что мы, сограждане, все о политике и политике. Поговорим сегодня о более интересных вещах. Как там было сказано в "Двенадцатой ночи" Шекспира? "Безумие, сударь, гуляет по миру и светит повсюду, как солнце". Насчет мира в целом не могу сказать, но в Армении при Пашиняне безумие чувствует себя весьма вольготно. Особенно во властных коридорах, где любая нормальность (даже относительная) должностного лица воспринимается как что-то марсианское и очень подозрительное.  Есть в этой вменяемости даже что-то кощунственное. Спросите хоть... Ну, я не знаю... да у любого представителя власти спросите!

    • СТРАНА ТЕНЕВОЙ СОБСТВЕННОСТИ
      2024-11-02 10:29

      Власть Пашиняна обкрадывает и страну, и народ. Украденные деньги исчезают в каких-то черных дырах, значительная их часть наверняка оседает за рубежом. Соки высасываются из всех систем, которые жизненно необходимы для существования любого государства. Даже из армии. Впрочем, созданное режимом Пашиняна есть нечто, никак не могущее быть названо государством. Из этого "нечто" государство не может вырасти. Все, что каким-то чудом у нас сохранилось государственного, вынужденно действовать в подполье, вопреки режиму.

    • ГЛАДИАТОРСКИЕ БОИ ВО ВЛАСТИ
      2024-11-02 09:55

      Сначала, сограждане, о том, что радует. Тоска общества по различного рода гладиаторским боям - неизбывна и нуждается в удовлетворении. Правда, идущие в настоящее время внутри власти Пашиняна бои - довольно вялое подобие настоящего гладиаторского поединка с разлетающимися кишками и залетающими в партер головами. Жаль также, что лишены зрители при устроении такого рода игр возможности известным способом манипулировать большим пальцем, указуя на необходимость добить или же помиловать с особой жестокостью. И у зрителя нет реальной возможности обтереть платочком со лба долетевшие до него брызги гладиаторской крови.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ