Последние новости

Նիկոլայ ԲԱՆԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ

Ռուսաստանում գործող «Կովկաս» աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Նիկոլայ Բանինի խոսքով՝ չնայած հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար անհրաժեշտ ռուսական վարկից, որքանով ինքն է տեղյակ, պաշտոնական Ռուսաստանը այդպես էլ չի ստացել այդ մասին ծանուցում: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Մոսկվայի հետ բանակցությունները վարկի մնացած մասի տրամադրման վերաբերյալ, որ ատոմակայանն աշխատի, դեռևս օրակարգում են:

«Իհարկե, տեղ-տեղ բարձրացող հռետորիկան՝ նախագիծը միայն ինքնաֆինանսավորմամբ իրականացնելու մասին, վարկի ստացումը կարող է դժվարացնել: Այս առումով նման հայտարարությունները համարում եմ ոչ այդքան ճիշտ ժամանակին արված»,- ասաց նա՝ նկատելով, որ ստացվում է, թե մի կողմից՝ ՀՀ իշխանությունները ասում են, որ ատոմակայանի վերանորոգման աշխատանքները իրենք են ֆինանսավորելու, մյուս կողմից՝ շարունակում են դիտարկել նոր վարկ ձեռքբերելու հնարավորությունը՝ նույն նպատակի համար:

Նիկոլ Բանինը նաև նշեց՝ չի կարելի ասել, որ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են բացառապես բյուջետային միջոցներով, եթե 2015-ի միջկառավարական համաձայնագրի շրջանակներում արդեն ծախսվել է վարկի մեծ մասը: Խոսելով այս հարցում առկա ենթատեքստերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նշեց, որ հարցը քաղաքական է:

«Ավելի շուտ, ատոմակայանն այս իրավիճակում դարձել է գլոբալ քաղաքական գործընթացների և երկրի տնտեսության մեջ իշխանությունների կողմից իրականացվող «վհուկների որսի» արշավի զոհը: Ի վերջո, հենց էներգետիկայի բաժնի բազմաթիվ վերակազմակերպումներն էին, նախագծի համար պատասխանատու անհատների դեմ հարուցված քրեական գործերը, որ նշանակալի դեր ունեցան հատկացված միջոցների ամբողջ ծավալն այդպես էլ չծախսելու հարցում: Ես խոսում եմ զուտ բյուրոկրատական և ընդհանուր քաղաքական պատճառների համադրության մասին»,- ասաց նա:

Նիկոլայ Բանինը մատնանշեց, որ այս տարի այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ատոմակայանի աշխատանքն անվտանգ ապահովելու համար անհրաժեշտ էր իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք նշյալ պատճառների առկայության հետևանքով այդպես էլ իրականացնել չհաջողվեց:

Նրա նկատառմամբ՝ այս պայմաններում ստացվել է այնպես, որ կամ Երևանը պետք է միջոցներ տրամադրի ատոմակայանի վերանորոգման համար, կամ էլ կայանի բնականոն աշխատանքը կխափանվի:

«Իմ հասկանալով՝ բյուջետային միջոցներով ատոմակայանի վերանորոգումը շարունակելը այս համատեքստում այլ տարբերակ չունենալ է, և այն ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես հաղթանակ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս ուղղությամբ կան Մոսկվային անհանգստացնող դրվագներ: Նա մատնանշեց, որ ատոմակայանի փակվելու մասին կա գրված Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված շրջանակային համաձայնագրում, և այդ թեզն արտացոլվել է մի շարք ծրագրային փաստաթղթերում:

«Օրինակ՝ ամերիկյան մի շարք փորձագետներ պնդում էին փակել կայանը իբր շրջակա միջավայրի պահպանման համար: Միևնույն ժամանակ, USAID- ը պատրաստում էր «Հայաստանի էներգետիկայի ոլորտի նվազագույն ծախսերով զարգացման՝ 2020-2036 թվականների պլան»: Այս պլանի դրույթներից շատերն արդեն իրականացվում են, ինչպես ասում են, գործնական հարթությունում: Մի՞թե սա չի կարող անհանգստություն առաջացնել»,- ասաց նա:

Նիկոլայ Բանինը մատնանշեց, որ Մեծամորի ատոմակայանն ունի մեծ պոտենցիալ, իսկ նրա անվտանգությունը բազմաթիվ անգամներ հաստատել են ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները: «Իր շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելուց հետո, ինչը հնարավոր է մինչ օրս կատարված համատեղ աշխատանքի շնորհիվ, կարող ենք ասել, որ Ռուսաստանն ու Հայաստանը հասել են այն կետին, երբ կարող ենք միասին առաջ գնալ: Ե՛վ հայ, և՛ ռուս մասնագետների կարծիքով՝ կայանը կարող է գործել 2030-ական թվականներին»,- ասաց նա՝ նշելով, որ 2026-ից հետո շահագործման շուրջ համաձայնության գալ պետք է արդեն այսօր, ոչ թե վաղը:

Նա նաև նկատեց, որ նույնիսկ զուտ տնտեսական տեսանկյունից կայանն այլընտրանք չունի: «Իհարկե, արևմտյան փորձագետների կողմից նոր էներգետիկ օբյեկտի կառուցման թեման անընդհատ քննարկվում է, բայց այստեղ ես ուզում եմ ասել հետևյալը. նախ ՝ ինչո՞ւ ոչնչացնել ռուս-հայկական նվաճումները և համատեղ աշխատանքի պտուղները, որոնք կառուցվել են տասնամյակներ, մանավանդ, եթե բոլոր տեսանկյուններից այդ աշխատանքները պարզապես ձեռնտու են հայ սպառողներին. երկրորդ ՝ ինչ-որ մեկը հարցնո՞ւմ է, թե որքան կարժենա նոր օբյեկտը: Ըստ ամենահամեստ գնահատականների ՝ կախված ռեակտորների կոնֆիգուրացիայից՝ դա կարող է լինել 6-9 միլիարդ դոլար»,- ասաց նա:

Ըստ Նիկոլայ Բանինի՝ այս հարցում կան նաև այլ պատճառներ: Մասնավորապես, ըստ նրա, Բաքուն քնում և երազում տեսնում է կայանի փակվելը: «Անկարան ևս կիսում է այդ ձգտումները: Հետևաբար, ատոմային էներգիայի կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար, ինչը տվյալ դեպքում հանրապետությանն ապահովում է գեոստրատեգիական կայունություն, Երևանը պետք է զերծ մնա պոպուլիստական հռետորաբանությունից և հեռացնի բյուրոկրատական խոչընդոտների կուտակումները: Հանրապետության հին իշխանություններին հաջողվեց ինչ-որ կերպ դա անել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ