Последние новости

ԼԵՎՈՆԻ ՍՏՎԵՐԸ. ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԽՈՍԵԼ «ՍՏՐԱՏՖՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԿԱԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Ոչ, մենք մտավախություն չունենք, թե ԱԺ «անկախ» պատգամավորը կդիմի դատարան՝ պահանջելով հերքել այն պնդումը, որ ինքը օտարերկրյա գործակալ է: Քանի որ սույն փաստը վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և մամուլում բազմիցս հրապարակվել են ամերիկյան «Ստրատֆոր» հետախուզական կենտրոնի գործակալների ցուցակները, որտեղ 478 համարի տակ նշված է Բաբաջանյանի անունը։ Եվ նա ոչ մի անգամ չի համարձակվել վիճարկել այդ պնդումը՝ գերազանց հասկանալով, որ ճշմարտությունը հեշտ է ապացուցել դատարանում. բավական է պարզապես ներկայացնել հետախուզական կենտրոնի կայքում հրապարակված ֆայլերը։

Այդ մասին հրապարակումները ԶԼՄ-ներում հայտնվեցին անցած տարվա հոկտեմբերին։ Սակայն նույնիսկ այդ երկաթե փաստերը չստիպեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը հետաքննություն սկսել։ Կրկնում եմ, Ազգային անվտանգության ծառայությանը չհետաքրքրեցին տեղեկություններն այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ժամանակին ակտիվորեն աշխատել է օտարերկրյա հետախուզության օգտին։ Այս պարադոքսալ ու եզակի փաստն առավել քան համոզիչ կերպով ցույց է տալիս, թե ինչի է վերածվել ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։

Մամուլում հրապարակվել են նաև այլ ցնցող փաստեր Բաբաջանյանի կենսագրությունից։ Օրինակ, լայնորեն հայտնի է, որ նա դասական դասալիք է. խուսափել է բանակային ծառայությունից՝ կեղծելով փաստաթղթերը։ Այս ամենի համար դատապարտվել է ազատազրկման, բանտ նստել, իսկ հետո ցուցմունք տվել սեփական մոր դեմ՝ իր կաշին փրկելու համար։

Մեկ այլ ուշագրավ փաստ է նաև այն, որ ներկայիս անկախ պատգամավորը 1998 թվականին աշխատել է Կարեն Դեմիրճյանի ընտրական շտաբում՝ Նաիրի Հունանյանի հետ, որը մեկուկես տարի անց՝ 1999-ի հոկտեմբերին, ահաբեկչություն իրականացրեց խորհրդարանում։ Այս հանգամանքն առանձնակի արդիական դարձավ այն բանից հետո, երբ Բաբաջանյանը 2019 թվականի աշնանը բանտում այցելեց ցմահ ազատազրկման դատապարտված Հունանյանին, որից հետո հայտարարեց, թե Վազգեն Մանուկյանին պետք է հեռացնել Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից, քանի որ Հունանյանն իրեն ասել է, թե Մանուկյանն ազդեցություն է գործել իր վրա…

Ի դեպ, այն ժամանակ Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, դիմեց դատախազություն՝ պահանջելով պարզել, թե որտեղից Բաբաջանյանին շքեղ առանձնատունը և ինչ միջոցներով է նա ԶԼՄ պահում։ Դատախազությունը, բնականաբար, հայտարարեց, թե ստուգման համար հիմքեր չկան։ Այլ կերպ ասած՝ հաստատեց, որ Արման Բաբաջանյանը անձեռնմխելի անձ է։ Քանզի նա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով յուրօրինակ դեսպանն է, որին վարչապետը կարգադրում է անել ամենակեղտոտ աշխատանքն ու հնչեցնել ամենանողկալի գաղափարիկները։ Ահա այս՝ մամուլում բազմիցս արծարծված կարծիքի լույսի ներքո էլ անցնենք վերջին օրերի իրադարձություններին։

Ս.թ. մայիսի վերջին այդ գործիչը, որը ցանկացած այլ երկրում վաղուց դարձած կլիներ խորշելի, հասարակության կողմից մերժված և մամուլի կողմից քամահրալից անտեսված վտարյալ, հորինեց «Հանուն հանրապետության» հնչեղ անվանումով նախաձեռնությունը։ Իսկ անցած շաբաթվա վերջին, հետը վերցնելով համախոհների բավական մեծ խումբ՝ ընդհանուր առմամբ 8-10 մարդ, մեկնեց Արցախ։ Թե ինչու էր Բաբաջանյանին անհրաժեշտ հայկական երկու պետություններում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մեծ խմբով մեկնել Արցախ, և ով էր թույլատրել նրանց մուտքը հանրապետություն, որի սահմանը Հայաստանի հետ փաստացի փակ է սանիտարական-համաճարակաբանական անվտանգության նկատառումներով, պարզ է դառնում հաջորդած իրադարձություններից։

Բանն այն է, որ Արման Բաբաջանյանին՝ պատժաժամկետ կրած դասալիքին, օտարերկրյա լրտեսին և ԱՄՆ հետախուզական ցանցի գործակալին, Ստեփանակերտում ընդունեցին ամենաբարձր մակարդակով։ Սկզբում պատգամավորին ու իր թայֆային ընդունեց նախագահ Արայիկ Հարությունյանը, այնուհետ՝ արտաքին գործերի նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հանդիպումների ընթացքում «Ստրատֆորի» նախկին (թե՞ նաև ներկայիս) գործակալ Բաբաջանյանը հանդիսավորությամբ ճամարտակեց այն մասին, թե իբր՝ իրենց առաջին արտասահմանյան այցը նախաձեռնության անդամները որոշել են կատարել Արցախ, տեղեկացրեց, որ շուտով նախաձեռնությունը կդառնա կուսակցություն, և այլն: Ներկաները, այդ թվում՝ նրա հետ եկած անհասկանալի և հանրությանն անհայտ անձինք, իսկ գլխավորը՝ նախագահը, ակնածանքով լսում էին։

Անհավանական է, բայց փաստ. պատերազմող հայկական պետությունում, որտեղ անվտանգության խնդիրը չի դադարում կարևորագույնն ու որոշիչը լինելուց, որտեղ բանակն է աստվածն ու թագավորը, հույսն ու ապավենը, բարձր մակարդակով ընդունում են հանրատայտ դասալիքին։ Անհավանական է, բայց փաստ. Արցախում, որը համայն աշխարհի հայության համար եղել և մնում է հերոսականության, երկրի սրբության և հոգևոր վեհության խորհրդանիշը, բարձր մակարդակով ընդունում են մի կերպարի, որի վրա վաղուց արդեն խարան դնելու չկա՝ բոլոր իմաստներով. և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական։ Հետաքրքիր է, ինչպե՞ս էր իրեն զգում պատերազմի մասնակից Արայիկ Հարությունյանը՝ սեղմելով դասալիքի ձեռքը։ Իսկ Արցախի հերոս Սամվել Բաբայա՞նը։ Ամեն ինչ կարգի՞ն է, պարոնայք, զզվելի չէ՞, չկա՞ նողկանքի զգացում, չկա՞ մեր Արցախի ապականման զգացողություն այն փաստից, որ ընդհանրապես թույլ եք տվել երկիր մտնել նման սուբյեկտին, ընդունել նրան, լսել սնապարծ ճոռոմախոսություններն ու հպարտությամբ լուսանկարվել դասալիքի ու լրտեսի հետ։

Հիմնական պատմությունը, սակայն, ծավալվեց ավելի ուշ՝ բառացիորեն երկու ժամ անց։ Պատմեց դա Politik.am կայքը։

Ըստ հրապարակման, հունիսի 27-ին «Հանուն հանրապետության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ինքն առաջարկել է քննարկել արցախյան հիմնախնդրի կարգավորումը Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի գաղափարախոսության շրջանակներում։ «Այս հաղորդագրությունը իրական շոկ էր քաղաքական դաշտի համար։ Ստացվում էր, որ Արման Բաբաջանյանը բացահայտում է իշխանությունների նախագիծը, որի մասին այս ընթացքում խոսել են քաղաքական տարբեր շրջանակներ և հայտարարել են, որ Արցախի հարցում կա դավադրություն, որը իշխանությունները թաքցնում են հանրությունից»,- նշում է Politik.am-ը։

Հաղորդագրության հրապարակումից մի քանի ժամ անց Արցախի «Ազատ հայրենիք» իշխող կուսակցության մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հերքել է տեղեկությունը: «Պահանջում եմ պատասխանատուներից չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»,- գրել էր Պողոսյանը:

Եվ ահա այստեղ կրկին խաղի մեջ մտավ Բաբաջանյանը, որը դեռևս, նշենք, գտնվում էր Ստեփանակերտում։ Եվ գրեց, թե հաղորդագրությունն, իբր, չի համապատասխանում իրականությանը և կապ չունի իր գլխավորած նախաձեռնության հետ։ Որից հետո ջնջեց գրառումը։ Ընդ որում նա ակնարկեց, թե ապատեղեկատվության տարածման համար մեղավոր են իր նախկին կուսակիցները, նկատի ունենալով «Լուսավոր Հայաստանը», որի ցուցակով ինքն անցել է խորհրդարան։ Որպես երախտագիտություն, թե որպես վրեժխնդրություն՝ պատգամավորը Էդմոն Մարուքյանին ու նրա կուսակցությանն անվանեց «նեղմիտ հիմարներ»։

Մարուքյանը, իհարկե, առանձին պատասխանատվություն է կրում Բաբաջանյանին ԱԺ խցկելու համար, սակայն անհասկանալի է մնում այն հարցը, թե այդ ինչպե՞ս կարող էին «լուսավորները» նման հաղորդագրություն տեղադրել նախաձեռնության էջում։

Բայց մենք չենք խորանա պատգամավորների անմաքուր հարաբերությունների մեջ։ Քանի որ, ինչպես գրում է Politik.am-ը, Արման Բաբաջանյանը ջանադրաբար շրջանցեց մեկ այլ ՝ ավելի էական փաստ. Արայիկ Հարությունյանին արած իր առաջարկի մասին հաղորդագրությունը ֆեյսբուքյան հրապարակումից առաջ հայտնվել է Բաբաջանյանին պատկանող «Առաջին լրատվական» էլեկտրոնային հարթակում՝ 1in.am-ում։ Սակայն այն բանից հետո, երբ այն անհետացավ «Հանուն հանրապետության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից, Վահրամ Պողոսյանն էլ հեռացրեց սեփական գրառումը, որում, հիշեցնենք, պահանջում էր ներողություն խնդրել:

Պետք է ենթադրել, որ Արցախի ղեկավարությանը ներողություններ այլևս պետք չեն։ Կամ էլ նրանց խստիվ ասվել է, որ Արման Բաբաջանյանից ներողություն պահանջել իրենց, ինչպեսև առհասարակ որևէ մեկին թույլատրված չէ։

Այդուհանդերձ բաց է մնում հետևյալ հարցը. եթե ներողություն խնդրել այլևս չի պահանջվում, նշանակո՞ւմ է արդյոք դա, որ հաղորդագրությունը համապատասխանում էր իրականությանը։ Ո՞վ էր այն տեղադրել և ի՞նչ նպատակով։ Ինչո՞ւ դա հեռացվեց կայքից. այն պատճառով, թե ապատեղեկատվությո՞ւն էր: Այդ դեպքում ո՞վ է «կատակում» այդչափ լուրջ թեմաներով և Արցախի նախագահի բարձր մակարդակով։ Թե՞ Բաբաջանյանն ու Հարությունյանը արդեն «նեղմիտ հիմարներ» են համարում մեզ բոլորիս։

Համենայն դեպս հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» սկանդալային հոդվածը հրապարակվեց 1997-ի աշնանը և փաստացի դարձավ 1998-ի փետրվարին նրա հրաժարականի պատճառը։ Դրանում առաջարկվում էր կարգավորման փուլային տարբերակը, այսինքն հայկական հողերի հանձնումն Ադրբեջանին՝չակնարկելով անգամ Արցախի կարգավիճակը որոշելու մասին։ Դա իր դիրքորոշման հրապարակային ճանաչումն էր Տեր-Պետրոսյանի կողմից, որը նա հնչեցրել էր շատ ավելի վաղ՝ դեռևս 1992 թվականի մարտին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի էջերում, որին տված հարցազրույցում ՀՀ այն ժամանակվա նախագահը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության, միանգամայն գոհացուցիչ է Հայաստանի իշխանությունների համար։

Առաջին նախագահի հրաժարականից անցել է ավելի քան 22 տարի։ Այդ տարիները կարծես թե համոզիչ կերպով ապացուցել են, որ պարտվողականությանն ու փաստացի դավաճանությանը վերադարձ լինել չի կարող։ Որ դա իռացիոնալ, անթույլատրելի և անընդունելի է զրկանքների ու դժվարությունների երկար տարիների, Արցախյան առաջին ազատամարտի և Ապրիլյան պատերազմի միջով անցած երկրի ու ժողովրդի համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սակայն, խոսակցություններն այն մասին, որ նրան իշխանության են բերել հենց Տեր-Պետրոսյանի հրեշավոր ծրագրերն իրականացնելու համար, գնալով ավելի մեծաթիվ հաստատումներ են ստանում։ Դրանցից մեկն էլ, ընդ որում՝ բավական ծանրակշիռ, եթե հաշվի առնենք Բաբաջանյանի ով լինելն ու նրա դերը Փաշինյանի օրոք, ներկայացվեց հունիսի 28-ին «Հանուն հանրապետության» նախաձեռնության էջում և 1in.am կայքում։ Պարզից էլ պարզ է, որ նման բաները չեն կարող տեղի ունենալ պատահականորեն կամ հանկարծակի ծնվել ինչ-որ մեկի բորբոքված ուղեղում:

Արցախի ղեկավարությունը, ընդունելով ու լսելով դասալիքին, որն ի լրումն արատավորել է իրեն օտարերկրյա հետախուզությանը ծառայելով, փաստացի ընկավ սեփական անխոհեմության ծուղակը։ Եվ հետո ստիպված եղավ սկզբում պահանջել, որ նա ներողություն խնդրի, իսկ հետո ցանցից հեռացնել այդ պահանջով գրառումը։ Իսկ գլխավորը՝ հասարակությանն ախր հետաքրքիր չեն բոլոր այդ նյարդային ջղակծկումներն ու անհամոզիչ հերքումները։ Հասարակությանը միանգամայն բավարար է այն, թե հատկապես ով է դա ասել/գրել, և որտեղից է ստացվել տեղեկատվությունը։

Հասարակության համար ակներև է, որ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի «հատուկ հանձնարարություններով դեսպանը» ընդամենը հերթական անգամ կատարեց իրեն հատկացված ամոթալի դերը, «պատահմամբ» ազդարարելով այդ մասին ի լուր ամենքի և գիտակցաբար կրկին շրջանառության մեջ դնելով ԼՏՊ-ի հոդվածը։ Հանրությունն այլևս կասկած չունի, թե հատկապես ինչ է տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ, բայց հանգամանորեն թաքցվում հասարակայնությունից, և թե ինչով է դա սպառնում հայոց պետականությանն ու ժողովրդին։

Իսկ գլխավորը. որ պետք է հերթական անգամ ազատվել տերպետրոսյանականությունից՝ ի դեմս նրա աշակերտների։ Այս անգամ, կցանկանայինք հավատալ, ընդմիշտ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ