ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ. ԱՄՐԱԿՑՎԱԾ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԱԽՏՎԵԼ
Հունվարի 16-ին Ucom-ը հաստատեց, որ քննարկումներ է վարում VEON-ի հետ վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline Armenia) ձեռք բերելու վերաբերյալ: Itel.am հնարավոր գործարքի մասին զրուցել է Հայաստանի բջջային կապի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:
- Ինչպիսի՞ն կարող է լինել հնարավոր գործարքի ազդեցությունը Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի վրա:
- Կոնսոլիդացման գործարքներ տեղի են ունենում հեռահաղորդակցային տարբեր շուկաներում: Լինում են հաջող օրինակներ, որոնք նպաստում են տվյալ ոլորտի զարգացմանը, լինում են նաև ձախողումներ, որոնք առաջընթացի փոխարեն հետընթաց են առաջացնում ոլորտում:
Ucom-ի և Beeline Armenia-ի բիզնես-մոդելները տարբերվում են Վիվա-ՄՏՍ-ի մոդելից, քանի որ այդ երկու ընկերությունները գործում են շուկայի այնպիսի հատվածներում, որոնցում մենք չենք գործում:
Մասնավորապես, շարժական կապից բացի, իրենք ունեն ամրակցված (ֆիքսված) ցանցեր և հանդիսանում են ինտերնետի խոշոր ներկրողներ ու տարանցողներ: Եթե գործարքը տեղի ունենա, ապա ամրակցված ցանցի ոլորտում նոր ընկերությանը կպատկանի շուկայի շուրջ 90 տոկոսը: Ամրակցված ցանցերի միջոցով մատուցվող ինտերնետային ծառայությունների պարագայում շուկայի մասնաբաժինը կկազմի շուրջ 80 տոկոս, իսկ IP-հեռուստատեսության պարագայում` շուրջ 70 տոկոս: Սրանք բավականին լուրջ թվեր են: Արդյոք սա խթանելո՞ւ է մրցակցությանը շուկայում, թե՞ հակառակը. գնահատականը պետք է տան համապատասխան պետական և կարգավորող կառույցները և որոշումներ կայացնեն:
Ինչպես ասացի, Վիվա-ՄՏՍ-ը, ըստ էության, ամրակցված ցանց չունի: Մենք նման ծառայություններ մատուցում ենք սահմանափակ թվով իրավաբանական անձանց՝ դա ավելի շուտ դիտարկելով որպես թեստավորում: Ֆիզիկական անձանց մենք նման ծառայություններ չենք մատուցում: Հետևաբար, գործարքի իրականացման դեպքում նոր ընկերությունը մատուցելու է կոնվերգենտ (համակցված) ծառայություններ, ինչի հնարավորությունը մենք չունենք: Փաստացի նրանք կդառնան թելադրող կոնվերգենտ ծառայությունների շուկայում:
Եթե մենք ձեռք բերենք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն, կկարողանանք որոշակի մրցակցություն ապահովել կոնվերգենտ դաշտում, սակայն, միևնույն է, հավասարակշռությունը խախտված կմնա:
Շարժական կապի ոլորտում մեզ համար գրեթե բան չի փոխվելու: Այսօր մեզ է պատկանում Հայաստանի շարժական կապի բաժանորդների շուրջ 60 տոկոսը: Շարժական կապի եկամուտների ցուցանիշով ևս մեզ է պատկանում շուկայի 60 տոկոսը: Ընդ որում, եթե առանձնացնենք շարժական կապի ինտերնետ-ծառայությունների հատվածը, ապա այստեղ եկամուտների ցուցանիշով շուկայի 65 տոկոսն է մեզ պատկանում: Բացարձակ առաջատար ենք նաև շարժական ինտերնետի բաժանորդների քանակով: Ուստի շարժական կապի ոլորտում առաջատարի մեր դիրքերը հնարավոր գործարքի հետևանքով չեն սասանվելու:
Ինչ վերաբերում է ինտերնետի ներկրմանն ու տարանցմանը, ապա երկու ընկերություններն էլ խոշոր դերակատար են և միավորման դեպքում էլ ավելի խոշոր կդառնան: Կարծում եմ, որ կարգավորող մարմինները պետք է սա գիտակցեն և հաշվի առնեն:
- Դուք բերեցիք հետևյալ թվերը՝ 90, 80 և 70 տոկոս: Նշանակում է, որ գործ կունենանք գերիշխող դիրք ունեցող ընկերությա՞ն հետ:
- Թույլ տվեք ես օգտագործեմ «գերակշիռ դիրք ունեցող» եզրը:
- Որքանո՞վ էին անակնկալ Ucom-ի և Beeline-ի քննարկումները:
- Անակնկալ չէի անվանի, քանի որ, ինչպես նշեցի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում հաճախ են լինում կոնսոլիդացման գործարքներ՝ ելնելով այս կամ այն ընկերության տեսլականից կամ բիզնես-մոդելից: Պատճառները և շարժառիթները կարող են տարբեր լինել, բայց դա նորմալ երևույթ է:
Եթե գործարքը կայանա, կարիք կլինի հասկանալու, թե այն ինչպես կանդրադառնա շուկայի և մրցակցության վրա, սակայն ակնհայտ է, որ ի հայտ է գալու անհավասարակշռություն ամրակցված կապի ծառայությունների դաշտում:
- Իսկ միգուցե հայաստանյան շուկայի առանձնահատկությունն այն է, որ այստեղ «տեղ կա» միայն երկու խոշոր դերակատարի համար: «Օրանժ Արմենիան» փաստացի ձախողվեց Հայաստանում:
- Ես այդպես չեմ կարծում: Երբ մենք սկսեցինք աշխատել, աշխուժություն սկսվեց, ու շուկան շատ զարգացավ: Երբ երրորդ օպերատորը մտավ շուկա, մրցակցությունը շարունակեց զարգանալ: Բնականաբար, մրցակցությունը պետք է լինի առողջ, և կարգավորող մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հավասարակշռության պահպանմանն ու արհեստական խոչընդոտների վերացմանը:
Մի անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր գործարարների հետ և ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ մտածում չորրորդ լիցենզիա տալու մասին: Ես պատասխանեցի, որ իբրև ընկերության տնօրեն՝ ուրախ չեմ լինի, քանի որ նոր խաղացողի մուտքը կազդի շուկայի եկամտաբերության վրա՝ թեժացնելով առանց այն էլ թեժ մրցակցությունը (ժպտում է - խմբ.):
Իսկ որպես քաղաքացի՝ միանշանակ կողմ կլինեմ, միայն թե այն պայմանով, որ նոր խաղացողը կայացած և միջազգայնորեն ճանաչված բրենդ լինի, որն իր հետ նոր մշակույթ կբերի: Մենք, շուկա մտնելով, մեզ հետ յուրահատուկ աշխատանքային մշակույթ բերեցինք: «Օրանժն» իր հետ բերեց իր մշակույթը, և դա միանշանակ օգտակար էր շուկայի համար:
- Դուք խոսեցիք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն ձեռք բերելու տարբերակի մասին: Փաստացի այսօր Հայաստանում միայն մեկ նման ընկերություն կա՝ «Ռոստելեկոմ Արմենիան»: Եթե չեմ սխալվում, նախկինում դուք այդ ընկերության ձեռքբերման վերաբերյալ քննարկումներ ունեցել էիք:
- Այո, նախկինում քննարկումներ ունեցել ենք: Եթե դիտարկենք «Ռոստելեկոմ Արմենիա»-ի ձեռք բերումը, դա մեզ կօգնի դառնալ կոնվերգենտ օպերատոր: Սակայն ամրակցված կապի ծառայությունների շուկայում ընկերության մասնաբաժինը բավականին փոքր է և թույլ չի տա լիարժեք մրցակցություն ծավալել գերակշռող խաղացողի ձևավորման դեպքում:
- Հիշատակեցիք նաև ազնիվ մրցակցության մասին: Այսօր ինչպիսի՞ն է վիճակը շուկայում:
- Չկա տնտեսության որևէ ոլորտ, որը խնդիրներ չունենա: Ճիշտ չի լինի ասել, որ գտնվում ենք 100-տոկոսանոց մրցակցային միջավայրում: Կան հարցեր, որոնց մասին այսօր նպատակահարմար չեմ գտնում խոսել, բայց ի վերջո լուծումներ միշտ գտնվում են, և մրցակցությունը տեղի է ունենում:
- Անկախ այն բանից՝ կկայանա Ucom-ի և Beeline Armenia-ի գործարքը, թե ոչ, հեռահաղորդակցային օպերատորները, այդ թվում՝ Վիվա-ՄՏՍ-ը, առերեսվում են ամենատարբեր մարտահրավերների հետ: Ի՞նչ քայլեր եք անում դրանց դիմակայելու ու զարգացումը շարունակելու համար:
- Մենք արդեն գտնվում ենք թվային փոխակերպման փուլում կամ, ինչպես ասում են, digital transformation-ի փուլում: Մեր տարբերանշանի՝ վերջերս տեղի ունեցած փոփոխությունն արտացոլում է մեր ընթացքը դեպի թվային աշխարհ: Միաժամանակ մենք ունենք 15 տարվա հարուստ ժառանգություն և փորձառություն: Անգլերեն legacy բառն է, որը դժվար է նույնությամբ հայերեն թարգմանել: Մեր գործունեության ընթացքում կատարել ենք շուրջ 232 միլիարդ դրամի ներդրում, որը, փոխարժեքի փոփոխությունները հաշվի առնելով, կազմում է ավելի քան 580 միլիոն դոլար: 2020 թվականին կատարելու ենք ավելի քան 12 միլիարդ դրամի ներդրում (շուրջ 25 միլիոն դոլար)՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով մոտ 245 միլիարդ դրամի: Այս թիվը վկայում է, որ մենք շատ վճռական ենք տրամադրված շուկան և մեր բիզնեսը զարգացնելու, մշտապես նորարարի դերում հանդես գալու հարցերում: Հիշեցնեմ, որ 2010-ին մենք առաջինը ներդրեցինք չորրորդ սերնդի (4G) ցանցը, և Հայաստանը դարձավ աշխարհում 10-րդ երկիրը, որը նման ցանց ունեցավ: 2019-ի ընթացքում 4G/4G+ ծածկույթը հասանելի ենք դարձրել բնակչության 78.3 %-ին: Սա նշանակում է, որ Հայաստանի 655 բնակավայրում կա 4G/4G+: Ավելի կոնկրետ՝ 608 գյուղ և 47 քաղաք:
Այսօր լրջորեն մտածում ենք հինգերորդ սերնդի (5G) ցանց ներդնելու մասին: Վիվա-ՄՏՍ-ը վաղուց է պատրաստ 5G-ի ներդրմանը, քանի որ 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով:
Մենք մշտապես եղել ենք խոշորագույն հարկատուների ցանկի վերին տողերում: Վերջին մի քանի տարում առաջին հնգյակում և տասնյակում ներկայացված չէինք բացառապես այն պատճառով, որ մեծ հարկային գերավճարներ ունեինք, որոնք «մաշեցնում» էինք: 2019 թվականին այդ գործընթացն ավարտին հասցրինք և հայտնվեցինք 14-րդ հորիզոնականում: Սակայն իրականում հարկատուների առաջին տասնյակում պետք է լինեինք 7-րդ հորիզոնականում՝ փաստացի մուտքերի առումով՝ հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար:
Կարող եմ կանխատեսել, որ 2020 թվականի արդյունքներով լինելու ենք 5-7-րդ տեղերում՝ վճարելով մոտ 16 մլրդ դրամի հարկեր: Գործունեության ամբողջ ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի կողմից պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ:
Բացարձակ առաջատար լինելով շարժական կապի ոլորտի բոլոր հատվածներում՝ թվային փոխակերպման արդյունքում մենք հեռահաղորդակցային օպերատորից վերափոխվում ենք տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ընկերության և արդեն սկսել ենք շուկայում համապատասխան լուծումներ առաջարկել: Որպես փոխակերպման առանցքային քայլ՝ մենք զարգացնում ենք application developer-ների մեր թիմը: Ներգրավում ենք լավագույն IT մասնագետներին: Ժամանակին IT մասնագետները խուսափում էին աշխատել հեռահաղորդակցության ընկերություններում: Նրանք չէին զարգացման մղիչ ուժը: Նրանք ֆունկցիոնալ աջակցության, այլ ոչ ռազմավարական դեր էին կատարում: Հիմա իրավիճակը փոխվել է: IT մասնագետների ու մարկետինգի համագործակցությունը ծնունդ է տալիս նոր պրոդուկտների:
Մենք դառնում ենք ՏՀՏ ընկերություն՝ IT և ավանդական հեռահաղորդակցության սիներգետիկ միաձուլում, այսպես կոչված՝ «smart pipe» կամ «խելացի խողովակ»: Այսինքն՝ չենք սահմանափակվում հեռահաղորդակցության ավանդական գործառույթ իրականացնելով: Ապագան համակարգերի ինտեգրացիան է (system integration): Ապագան էկոսիստեմներն են: Վիվա-ՄՏՍ-ը դառնում է «անձրևանոց» բրենդ, որի ներքո զարգանում են ուղղություններ, որոնցից մեկն է հեռահաղորդակցությունը: Օրինակ՝ «ՄոբիԴրամ» հավելվածը, այսպես կոչված՝ «ֆինտեխը», որն իրականացնում է ֆինանսահաշվարկային գործողությունների լայն շրջանակ:
Մենք արդեն իսկ մշակում և առաջարկում ենք հավելվածներ՝ կրթական, ժամանցային-խաղային, հաղորդակցային, ֆինանսների և պրոցեսների կառավարման:
Նշեմ «ՄՏՍ TV» հավելվածը, որը «Շանթ» հեռուստաընկերության հետ մեր համատեղ նախագիծն է: Հեռուստաբովանդակությունը՝ բազմաժանր կոնտենտը, հասանելի է դառնում մեր՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներին: Content is the King, ինչպես ասում են: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, և Վիվա-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության հասանելիություն իր ապրանքանշանը կրող հավելվածների միջոցով:
Արդեն հիմա իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք agile workplace (շարժուն աշխատավայր) մեթոդաբանության ներդրման վրա, ինչպես նաև արդիականացնում ենք գործառնական համակարգերը:
Մեծ ուշադրություն ենք դարձնում ստարտափների աջակցության ծրագրերին և միշտ բաց ենք համագործակցության համար այն ընկերությունների հետ, որոնք ունեն համարձակ գաղափարներ:
Այս ամենի հետ մեկտեղ շարունակում ենք սոցիալական ներդրումները: Մինչ օրս 29 միլիարդ դրամ է ներդրվել սոցիալական ներդրումների ուղղությամբ: Ավանդական ուղղությունների հետ մեկտեղ փորձում ենք ինովացիոն լուծումներ տալ գյուղերի ենթակառուցվածքային խնդիրներին. ջեռուցման ապահովում՝ արևային պանելների կամ արևային տաքացուցիչների միջոցով, գիշերային լուսավորություն՝ գյուղի բյուջեն տնտեսող LED լուսարձակներով:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ 15 տարվա ընթացքում վարկային բեռ երբևէ չենք ունեցել, որևէ գրավադրված գույք չունենք: 2019թ. օգոստոսից ՄՏՍ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն ենք, ինչը թույլ է տալիս ավելի արագ քննարկել և հաստատել զարգացման ծրագրերը: Վստահ եմ, որ շարժական կապի ոլորտում մենք միշտ լինելու ենք այն «գնացքը», որն առաջ է տանելու մեր երկրի տնտեսությունը:
Ռալֆ Յիրիկյանի հետ զրուցել է Արա Թադևոսյանը
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-27 21:24231
Самвел Карапетян, комментируя сегодняшнее задержание Рубена Варданяна заявил, что считает действия азербайджанских властей вопиющим актом несправедливости.
-
2023-09-27 11:05477
"Меня не интересует, как одевается, к примеру, Мария Захарова, как отвечает на вопросы, какой интонацией это делает и т.д. То же самое касается и других официальных лиц РФ. Меня интересует то, что Россия много месяцев открыто предупреждала об угрозе новой катастрофы, - пишет на своей странице в Фейсбук руководитель информационно-аналитического центра "Луйс" Айк Айвазян. - У меня только один вопрос: "Почему политические силы в Армении упорно не замечали эти предупреждения и продолжали возлагать надежды на Запад?".
-
2023-09-27 10:49740
Известный блогер Александр Лапшин, обращаясь к ситуации в Арцахе, сравнил преступления Азербайджана с преступлениями нацистов.
-
2023-09-26 18:171249
Азербайджан стремится любой ценой довести до конца откровенно геноцидную государственную политику, проводимую в отношении мирного населения Арцаха, глубоко противоречащую всем принципам международного гуманитарного права и общечеловеческим ценностям.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43202
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51205
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03289
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:351482
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: