Последние новости

Տավուշի 3 գյուղում վնասվել են վերգետնյա գազատար ցանցերը

Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը։ Տեղեկությունը հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից։

«Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից նաև հայտնում են, որ իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքներ և կվերականգնվի նշված գյուղերի սպառողների գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ մարտերի հետևանքով մահացել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։ ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել է, որ մահացել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ