Последние новости

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակով պայմանավորված խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչ-որ հնարավոր է, անում են. դադարեցրել են սուր պայքարը, համախմբվել բանակի շուրջ և հասարակական կոնսոլիդացիայի կոչեր են հնչեցնում, իշխանությունը կարող էր գոնե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիա նախաձեռնել, սակայն չարեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

«Ընդհանրապես տավուշյան դեպքերին մեր խորհրդարանի արձագանքն ադեկվատ չէր, եթե հիշում եք, այդ օրերին նրանք լրիվ այլ օրակարգերով այլ թեմաներ էին քննարկում: Այս իշխանության բնույթն է այդպիսին, մեկ դերասանի թատրոնի տրամաբանությամբ, և այդ պայմաններում փաստացի գործադիր իշխանությունը ևս ադեկվատության պակաս ցույց տվեց: Կարող ենք ասել, որ այս օրերին արձանագրվեցին այն բոլոր սխալները, որոնք երկու տարի շարունակ ցույց է տալիս գործադիր իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ այդ սխալները վերաբերում են նախ ներքին, հետո արտաքին պառակտմանը միտված քաղաքականությանը»,- նշեց նա:

Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ արտաքին քաղաքական ոլորտում պարզ դարձավ, որ սխալ էր բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելը. «Սխալ էր Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները փոխարինել Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով, որովհետև դրանք ցանկացած պահին կարող էին խախտվել և խախտվեցին: Անընդհատ հայտարարում են, թե մենք կապ չունենք և չենք բանակցում, լուծումները պետք է բավարարեն Ադրբեջանի ժողովրդին: Եվ նման մոտեցումներով, ըստ էության, արձանագրվեց այդ բախումը, տեղում սրբագրեց և խմբագրեց գործադիր իշխանության սխալները և բացթողումները»:

Հարցին՝ այս ամենն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ներքաղաքական իրավիճակի վրա, Թևանյանը նշեց, որ իշխանությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, չի էլ թաքցնում, որ շարունակելու է հետապնդումները ընդդիմախոսների նկատմամբ. «Այդպիսին է իշխանությունների բնույթը և պետք չէ սպասել կոնսոլիդացիայի և ողջախոհության: Հայտարարություն հնչեց, որ սահմանային միջադեպերին միջազգային մեխանիզմներ դնենք, դա նշանակում է, որ իշխանությունը հասկացել է, որ սխալվել է վերելակային դիվանագիտության հարցում, սակայն ցավալին այն է, որ երկու տարվա ընթացքում փաստացի ամեն ինչ արվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները թուլանան, և այժմ հարաբերությունները իշխանությունների առաջին դեմքերի մակարդակով գրեթե սառեցված են:

Մի փաստ արձանագրեմ. տավուշյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստացի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ղեկավարի հետ նույնիսկ հեռախոսային խոսակցություն չի ունեցել, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, և միակ պաշտոնյան, որին տեսավ և շփվեց, վարչապետ Միխայիլ Միշուստինն էր, այն էլ Մինսկում տեղի ունեցած հանդիպումների շրջանակում, ինչը տխուր է, քանի որ մենք դաշնակից ունենալուց զրկվել ենք և ապավինում ենք միայն այն բանին, որ Ռուսաստանը շահեր ունի այս տարածաշրջանում և թույլ չի տա որպեսզի Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ինչը շատ վտանգավոր մոտեցում է»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ