Последние новости

«ԹԱՎԻՇԸ»՝ ԼԱՎ, ԲԱՅՑ Ո՞Վ Է ԼՈՒԾԵԼՈՒ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Երբ դիվանագետների վրա իշխում են պոպուլիստները, նրանք վերածվում են շարքային քարոզիչների»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ։

-Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները ակցիա կազմակերպեցին Հայաստանի ԱԳՆ-ի շենքի մոտ, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցելով նամակ և դատարկ ճամպրուկ։ «Այս ճամպրուկը նույնքան դատարկ է, որքան մեր պետության արտաքին քաղաքականությունը, որ վարվել է վերջին շրջանում, նույնքան դատարկ, որքան իրենց տված խոստումները»,- ասացին նրանք այդ առնչությամբ։ Հաջորդե՞ց արդյոք պատասխանը։

-Սկսենք նրանից, որ պատասխանն ինձ առանձնապես չի հուզում. ավելի շատ հուզում է արդյունքը։ Իսկ արդյունքը արտաքին քաղաքականության և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումների հարցում բացթողումների և թերհաշվարկների վերանայումն է։ Այսօրվա դրությամբ ոչ մի իրական օրակարգ չի հնչեցվում։ Երբ Փաշինյանն ասում է, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», դա արտաքին քաղաքական և առավելևս բանակցային օրակարգ չէ։ Ցանկություն, նշանաբան՝ այո, բայց բնավ ոչ օրակարգ։ Բավական է հիշել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը Վալդայի համաժողովում։ Նշելով, որ բանակցությունները մտել են փակուղի, նա ոչ երկիմաստորեն հասկացնել տվեց. եթե Հայաստանի վարչապետը նման արտահայտություններ է անում, ապա հետագայում ինչպե՞ս կարելի է խոսել բանակցությունների մասին։ Հենց այսպիսին է իրավիճակը։

Ընդ որում մենք ունենք ահռելի թվով քաղաքական գործիչներ, որոնք զբաղեցնում են պետական ամենաբարձր պաշտոններ, բայց ձգտում են առհասարակ չխոսել ղարաբաղյան հակամարտության մասին։ Մենք ունենք Արմեն Գրիգորյան, որին ես, իհարկե, շնորհավորում եմ ամուսնության առթիվ, բայց նույն այդ Արմեն Գրիգորյանը միջազգային ոչ մի համաժողովում, միջազգային ամբիոններից իր ոչ մի ելույթում մի բառ անգամ չի ասել ղարաբաղյան հակամարտության մասին։ Ես հասկանում եմ. ժողովրդավարություն, «թավիշ» և այլն՝ շատ լավ։ Բայց ի վերջո խոսքը Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին է։ Մի՞թե կարող ենք այդ պաշտոնում ունենալ մի մարդու, որը հիմնականում խոսում է միայն մեկ բանի մասին՝ երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների։ Եվ սա եզակի օրինակ չէ։

Մեր պետպաշտոնյաները, հանդես գալով Արցախի թեմայի վերաբերյալ, չեն խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Միջազգային իրավունքի մյուս կետերը հիշատակում են, բայց հայկական արտաքին քաղաքականության համար կարևորագույն այդ կետը չգիտես ինչու դուրս է մնում նրանց օրակարգից։ Մենք ունենք խորհրդարանի փոխխոսնակ, որն անհասկանալի բաներ է հայտարարում՝ «իշխանափոխությունից հետո Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել ՀԱՊԿ-ում» ոգով, բայց երբ նրան հարցնում են, թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերների առջև հնչեցվո՞ւմ է արդյոք Ադրբեջանին զենք մատակարարելու թեման, նա հայտարարում է, թե իբր՝ «դա մեր օրակարգում չկար»։

-Իսկ այդ դեպքում ի՞նչ կար։

-Չգիտեմ։ Պարզապես խոսքը մի մարդու մասին է, որը միանգամայն «դուխով» է տեղական հեռուստաընկերության տաղավարի մասշտաբներում։ Նա կարող է ամեն ինչ խոսել ներքին օգտագործման համար, բայց ոչ մի բան չի հանդգնում ասել ՀԱՊԿ-ի գործընկերներին։ Եվ իհարկե, մենք ունենք Զոհրաբ Մնացականյան, որն օրերս, հանդես գալով Մոնակոյում՝ Ֆրանկոֆոնիայի (կազմակերպության, որում Հայաստանի նախագահությունն այս տարի ավարտվում է) նախարարական խորհրդաժողովում, արտաբերեց համանման քանակությամբ բառեր՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության և Համաշխարհային օվկիանոսի աղտոտման մասին։ Ներեցեք, բայց դա Հայաստանի արտգործնախարարի խոսք չէ։ Խնդիրն այն է, որ Մնացականյանը մեկուկես-երկու տարվա ընթացքում պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվել է շարքային քարոզչի։ Զարմանալի ոչինչ չկա։ Երբ պրոֆեսիոնալ դիվանագետների վրա իշխում են պոպուլիստները, դիվանագետներն, ավաղ, վերածվում են սովորական քարոզիչների, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում, մասնավորապես, իմ ֆեյսբուքյան էջում այլանդակություններ գրող ֆեյքերից։ Պարզապես կա մի մեծ տարբերություն. ֆեյքերին վճարում են Փաշինյանի հետ աշխատող այս կամ այն գործարարները, իսկ Զոհրաբ Մնացականյանին աշխատավարձ եմ վճարում ես՝ որպես հարկատու։ Ուստիև ֆեյքերից պահանջել ես չեմ կարող, բայց Մնացականյանից կարող եմ և կպահանջեմ։ Մենք բոլորս իրավունք ունենք իմանալու, թե դեպի ուր է շարժվում մեր երկիրը արտաքին քաղաքականության առումով՝ ընդհանրապես, և ղարաբաղյան կարգավորման հարցում՝ մասնավորապես։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ներկայումս տիրող իրավիճակը, հաշվի առնելով հաջորդ տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել Արցախի ներքաղաքական հարցերն այն պարզ պատճառով, որ քիչ ավելի մեծ հարգանք ունեմ Արցախի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ, քան մեր վարչապետն ու իր ռեժիմի դրածոները, որոնք բացահայտորեն միջամտում են Արցախի ներքաղաքական օրակարգին։ Խոսքը երկրի քաղաքացիների կամարտահայտման մասին է, և ես վստահ եմ, նրանք կանեն դա գիտակցված։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ և Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն օրերս իր կարծիքը հնչեցրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին՝ «բոլոր ձերբակալություններն իրականացվում են օրենքի շրջանակներում» ոգով։

-Չեմ պատասխանի կոնկրետ Արայիկ Հարությունյանին, կասեմ բուն երևույթի մասին։ Փաշինյանի կամ նրա կոհորտայի ներկայացուցիչներից որևէ մեկի բարեհաճությունը բացարձակապես չի ազդում Արցախի ընտրությունների արդյունքի վրա. սա փաստ է, որը պետք է հասկանան բոլոր մակարդակների թեկնածուները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի թեկնածուներից մինչև նախագահի թեկնածուներ։ Պետք է պայքարել ոչ թե Նիկոլ Փաշինյանի սիրտն ու բարեհաճությունը, այլ Արցախի քաղաքացիների սիրտը, միտքն ու բարեհաճությունը նվաճելու համար։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ԽՐԱԽՈՒՍՈ՛ՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
      2020-03-27 17:12
      247

      Թորոսյանին պետք էր հեռացնել… Մինչև վերջերս գործադիր իշխանության համակարգում մի ամբողջ կառույց առավոտից երեկո զբաղված էր նրանով, որ հետևում էր ԶԼՄ-ների հրապարակումների համապատասխանությանը արտակարգ դրության պահանջներին։ Այդ խորապատկերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ հայտարարեց, որ չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, իսկ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը շարունակում է բոյկոտել իր ծառայողական պարտականությունները, խախտելով Սահմանադրությունն ու աշխատանքային օրենսդրությունը։

    • ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
      2020-03-26 16:55
      136

      Եհովայի վկաներ Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարելիցը, այդ կապակցությամբ «Գոլոս Արմենիի»-ն շարունակում է հատվածներ հրապարակել «ՀԿ-ները Հայաստանում. «ժողովրդավարության մրրկահավերը» և արտաքին կառավարման գործիքակազմը» զեկույցից։ Այս հրապարակումը նվիրված է ազդեցության բավական յուրօրինակ սուբյեկտի։ Խոսքը կրոնական աղանդների մասին է, որոնցից շատերը գործիք են արտաքին ուժերի ձեռքում։

    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻՐ ԳՈՐԾԵՐԻՆ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
      2020-03-24 20:48
      153

      «Մարտի 1»-ի գործով վերջին, չկայացած նիստը, ինչպես հայտնի է, հանգեցրեց տարբեր տեսակի հետևանքների։ Օրինակ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը միջնորդությամբ դիմեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Միհրան Պողոսյանին, Հայկ Ալումյանին և Հովհաննես Խուդոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, դատարանի հանդեպ դրսևորած վերաբերմունքի համար, որը Ռ. Վարդազարյանը գնահատում է որպես անհարգալից։

    • ՀԱՆՐԱՔՎԵ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ՄՈՌԱՆԱԼ
      2020-03-23 19:53
      158

      Քանի որ բնությունը մեզ այսպիսի կորոնավիրուսային դադար շնորհեց, և այդ դադարը ստիպում է համախմբվել, ավելի հոգատար լինել միմյանց նկատմամբ, ուրեմն ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ անդրադառնալ այն թեմաներին, որոնք երկփեղկել էին հասարակությանը, և տեսնել, թե չե՞նք կարող արդյոք գալ մի ինչ-որ կոնսենսուսի, որպեսզի չնպաստենք, որ վարակը նոր տարածքներ զավթի…