Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԴՐԵՅՖ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԸ. ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ

News.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս յոթերորդ:

…Ռուսական կայսրության անկումն ամենաբարենպաստ ժամանակն էր այդ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար: Իր հավակնությունների իրավաբանական հիմնավորման համար Օտոմանյան կայսրության պաշտոնական անձինք Անդրկովկասում երկրորդ Ադրբեջան ստեղծեցին: Տրամաբանությունը պարզ էր և հանճարեղ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Այդ քաղաքականությունը բացասական արձագանք ստացավ հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի կողմից: Զեկույցում, որն ուղղված էր Գերմանիայի ռեյխսկանցլերին, Կովկասում Գերմանիայի պատվիրակության ղեկավարը նշում է. «Պարսկաստանում դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ թուրքերը «Ադրբեջան» անվանեցին անդրկովկասյան հանրապետությունը, որն ավելի մոտ է արևելքին, պարսիկների նկատմամբ տարածքային հավակնությունների հիմնավորման համար: Դժգոհությունը խորացնում է նաև այն հանգամանքը, որ պարսիկները թաթարների ընկերները չեն»:

Ավելին, Օտոմանյան կայսրության ղեկավարները ձգտում էին նոր սուրրոգատ պետության հետ ընդհանուր սահմանի ձևավորմանը, և Ադրբեջանը սկսեց տարածքային հավակնություններ առաջադրել սահմանակից ազգերի տարածքների նկատմամբ՝ վրացիների, դաղստանցիների, հայերի և այլն: Հայերի դեպքում նոր ձևավորված Ադրբեջանը փորձում էր գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, Սևանը, Արարատը, այդ թվում նաև Երևանը, ինչը Ղարաբաղյան հակամարտության առաջացման պատճառ դարձավ:

Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերը պարտվեցին, իսկ անկախ Ադրբեջանը շատ կարճ ժամանակ գոյատևեց և մշտապես գերտերությունների պայքարի հարթակ էր: Նոր ազգ այստեղ չստեղծվեց: Սակայն հիմք դրվեց թյուրքացման և ադրբեջանականացման համար:

Անդրկովկասի սովետացումից հետո տվյալ հանրապետության աշխարհաքաղաքական կարևորությունը նկատելի էր: Դրա առանցքային բաղադրիչներից էր Բաքվի նավթը: 1940 թվականին Ադրբեջանը տալիս էր իր ողջ նավթի 71,4 տոկոսը: Քաղաքի բնակչությունը շարունակում էր աճել: Այսպես, եթե 1913 թվականին Բաքվի բնակչությունը կազմում էր 389.6 հազար մարդ, ապա 1933 թվականին այն աճեց մինչև 709.5 հազար, և Բաքուն զբաղեցրեց ԽՍՀՄ-ում բնակչության թվով երրորդ տեղը Մոսկվայից և Լենինգրադից հետո:

Սակայն դրանից բացի Ադրբեջանական ԽՍՀ-ն վերածվեց Մերձավոր Արևելքում բոլշևիզմի տարածման ճակատի: Ադրբեջանն առաջին և մինչև 1930 թվականը միակ մուսուլմանական Սովետական պետությունն էր, և Կրեմլն այդ փաստն օգտագործում էր՝ նվազեցնելու համար կայսերական գերտերությունների հեղինակությունը, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հեղինակությունը այդ երկրների մուսուլմանական գաղութներում՝ Միջին Արևելքից մինչև Հնդկաստան: Հենց այդ պատճառով սովետական իշխանությունները հնարավորինս բավարարում էին Ադրբեջանի տարածքային հավակնությունները՝ նրան փոխանցելով հայկական պատմական տարածքները՝ Ղարաբաղն ու Նախիջևանը, Զանգեզուրի կեսից ավելին: Սովետական Ադրբեջանի կազմում էին նաև մի շարք վրացական և դաղստանական հողեր: Այդ քայլը աշխարհաքաղաքական առումով նպատակահարմար էր բոլշևիկների համար, քանի որ մուսուլմանական աշխարհում Ադրբեջանը կոմունիստական հեղափոխության մարմնացում էր դարձել: Բացի այդ, Ադրբեջանն Իրանի վրա ճնշման հարմար լծակ էր:

Սակայն առաջին փուլում սովետական իշխանությունը հակված էր բավական հետաքրքիր քաղաքականության: Ադրբեջանում, օրինակ, կողմ էին էթնիկ բազմազանությանն ու ազգային ինքնությանը: Բացի այդ, սովետական իշխանությունը հրաժարվեց «կովկասյան թաթարներ» էթնոնիմից, և դրա փոխարեն շրջանառության մեջ դրեց Անդրկովկասի թյուրքերի համար նոր ազգային ինքնություն՝ նրանց անվանելով Սովետական Ադրբեջանի թյուրքեր:

Գերմանիայում 1933 թվականին Հիտլերի՝ իշխանության գալուց հետո ակնհայտ դարձավ, որ նոր համաշխարհային պատերազմն անխուսափելի է: Տվյալ իրավիճակում Ադրբեջանը խոցելի դարձավ: Դրա հիմնական պատճառը տվյալ պետական ձևավորման էթնիկ առանձնահատկությունն էր: Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որի անվանումը չէր ծագում որևէ ազգի կամ էթնոխմբի անվանումից: Ադրբեջանում բնակվում էին թյուրքական, կովկասյան, իրանական ծագման էթնոխմբեր, ինչպես նաև հայեր, վրացիներ, ռուսներ և հրեաներ: Բնակչության գրեթե 52 տոկոսը կազմում էին թյուրքալեզու ազգերը: Հատկանշական է, որ համաձայն 1920-ական թվականներին անցկացված մարդահամարի՝ Պարսկաստանի թյուրքական բնակչությունը հիշատակվում է որպես առանձին էթնիկ խումբ:

«Ադրբեջանական թյուրքեր» էթնիկ խումբը վտանգ էր ներկայացնում, քանի որ կարող էր հեշտությամբ միություն կազմել Թուրքիայի հետ, ինչը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսպես, 1941 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները ուղերձ հղեցին Բեռլինին, որում հայտնում էին սովետական իշխանությունից Կովկասի անջատման նպատակով ադրբեջանական թյուրքերի հետ անցկացրած աշխատանքի մասին: Թուրքիան ծրագրում էր պատերազմ սկսել Գերմանիայի կողմից և հարմար պահի էր սպասում: Նման առիթների շարքում էր, օրինակ, Ստալինինգրադի ճակատամարտը, և գերմանացիների հաղթանակի դեպքում թուրքական զորքերը պետք է նոր ճակատ բացեին Անդրկովկասում: Սակայն նույնիսկ պաշտոնապես պատերազմ չսկսելով՝ Թուրքիան Գերմանիան մատակարարում էր ռազմավարական կարևորություն ունեցող հումքով, մասնավորապես, քրոմով: Թուրքական Հանրապետությունը Գերմանիային պատերազմ հայտարարեց 1945 թվականի փետրվարի 23-ին:

Հաշվի առնելով Գերմանիայի և Թուրքիայի ավանդական սերտ կապերը, ինչպես նաև 1918 թվականին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները, Սովետական Միությունը որոշում կայացրեց նոր ազգ ձևավորել: «Կովկասյան թաթարերի» վերականգնումն այլևս անհնար էր: Այդ պատճառով որոշում ընդունվեց «ադրբեջանական» ազգ ստեղծել, ընդ որում՝ շտապ տեմպով: «Ադրբեջանցիներ» նոր անվան տակ միավորվեցին տարբեր մուսուլմանական ազգեր և էթնոխմբեր: Հենց այդպես 1936 թվականին աշխարհում հայտնվեց նոր ազգ՝ ադրբեջանցիներ:

Որպես մեկ միասնական մուսուլմանական ազգ Ադրբեջանի ԽՍՀ-ի մուսուլմանական ազգերի համախմբման համար հիմք պետք է դառնար տարածքային-վարչական պատկանելիությունը: Տարբեր ազգությունների մարդիկ պետք է դառնային ադրբեջանցիներ, այսինքն՝ Ադրբեջանի բնակիչներ:

Համընդհանուր ինքնորոշման կայացումից հետո այն պետք է դառնար ազգային ինքնորոշում: Այդպիսով, նոր ադրբեջանական համայնքի մաս դարձան հին կովկասյան ալբանացիների սերունդները՝ լեզգիները, իրանական մշակույթի կրողները՝ թալիշները, թաթերը, քրդերը, թյուրքական էթնոսը:

Նոր ազգի գոյությունը լեգիտիմացնելու համար պետք էր շտկումներ կատարել պատմության մեջ: Ադրբեջանը միայնակ չէր կարող լուծել այդ խնդիրը:

Նոր ադրբեջանական ազգ ստեղծելով՝ Սովետական Միությունը մի շարք աշխարհաքաղաքական հարցեր լուծեց: Նախ, ձևավորվեց նոր ազգ, որը չնույնացվեց Թուրքիայի թյուրքերի հետ: Բացի այդ, այդ նոր ազգը կախված էր ԽՍՀՄ-ից, քանի որ արհեստական ձևավորված էր և թույլ:

Այնուամենայնիվ, նոր խնդիրներ առաջացան: Այսպես, չնայած պետական ահռելի ռեսուրսի կիրառմանը՝ ազգային ինքնության ձևավորումն այլ կերպ տեղի ունեցավ: Թյուրքական էլիտան, որը հաջողությամբ անցկացնում էր ինքնորոշում-ինքնաճանաչում-ազգային ինքնություն շղթան, սկսեց ադրբեջանական ինքնությունը պարտադրել հանրապետության այլ մուսուլմանական ազգերի: Հետևաբար, ադրբեջանական համայնքը չդարձավ համախմբող տարր հանրապետության բոլոր մուսուլմանական ազգերի համար:

Բացի այդ, սկսվեցին բավական վտանգավոր գաղափարական խնդիրներ: Դրանցից կարևորը դարձավ Ադրբեջանում ինտերնացիոնալիզմի փոխարինումը նացիոնալիզմով: Սովետական Ադրբեջանում տարբեր էթնոխմբեր կային, սակայն նոր ազգի արհեստական ձևավորումը հանգեցրեց նացիոնալիզմի հաղթանակին:

Տվյալ պրոցեսը օբյեկտիվ նախադրյալներ ուներ: Ադրբեջանի էլիտայի թյուրքական մասի դրեյֆը թելադրված էր մի շարք գործոններով: Այստեղ, իհարկե, կար վախի ու գայթակղության յուրօրինակ սիմբիոզ: Գայթակղությունն այն էր, որ ստեղծվում էր «մինի-կայսերական» ազգ, իսկ վախը՝ այն, որ այդ ճանապարհին կան օբյեկտիվ և լուրջ խոչընդոտներ:

Դրանցից կարևորը հենց Լեռնային Ղարաբաղն էր: Սակայն ի տարբերություն այլ ոչ մուսուլմանական ազգերի՝ Ղարաբաղի հայերն ունեին ոչ միայն դարերից եկած պատմություն, այլ նաև պետականություն: Հայկական Ղարաբաղը միաձուլելը պարզապես անհնար է: Հնարավոր էր փորձել փոխել Ղարաբաղի էթնոազգային կազմը, հասնել հայերի՝ փոքրամասնության վերածմանը: Ի դեպ, հենց այդ քաղաքականությունը հաջողությամբ անցկացվեց Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության դեպքում, որտեղ մի քանի տասնամյակների ընթացքում հայկական բնակչություն չմնաց: Սակայն Ղարաբաղի հետ նման փորձն անհնար է մի շարք պատճառներով, որոնցից կարևորագույնը Ղարաբաղի հայերն են, նրանց կայունությունը, հզոր կապը հայրենի հողի հետ, ապստամբ ոգին և այլն: Փաստացի, եթե Լեռնային Ղարաբաղը բռնի կերպով չներառվեր Ադրբեջանի կազմում, ապա այդ հանրապետության մուսուլմանական ազգերի համախմբումն ավելի հաջող կընթանար:

Ադրբեջանցիները սկսեցին Ղարաբաղը դիտարկել արդեն որպես իրենց էթնիկ տարածք, այլ ոչ թե որպես այլ ազգի վարչական միավոր: Այսուհետ երկու ազգերի՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի հայերի միջև տարաձայնությունները տեղափոխվել են նոր՝ ազգամիջյան մակարդակ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ