Последние новости

Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»

Պատմություն և գրականություն առարկաների չափորոշիչների ու ծրագրերի հարցը հանրության ուշադրության առանցքում է: Մասնավորապես ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել չափորոշիչները կազմող աշխատանքային խմբին: Իսկ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ:

Օգոստոսի 3-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Արտակ Մովսիսյանը, ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը կրկին անդրադարձան թեմային:

«Ես ենթադրում էի, որ Սևրի դաշնագրի հարյուրամյակի նախօրյակին պետք է այդ առիթով հավաքվեինք, որովհետև դա մեր պատմության մեջ շրջադարձային իրադարձություն է, և եթե Սևրի դաշնագիրը օգոստոսի 10-ին կյանքի կոչվեց, առավել ևս իրավարար վճիռը ԱՄՆ նախագահի Վուդրո Վիլսոնի՝ նոյեմբերի 22-ին եղավ, մենք պետք է տարածաշրջանում լինեինք ուժեղագույն երկրներից մեկը՝ 160 000 քառակուսի կիլոմետր տարածքով, բայց ինչ-ինչ քաղաքական հանգամանքներ խանգարեցին, և այդ գործընթացը կիսատ մնաց: Չնայած սրան՝ մենք այդ խնդիրը կարևորում ենք, և օգոստոսի 10-ին նախապատրասվում ենք հարյուրերորդ տարեդարձին:

Հավուր պատշաճի պետք է նշենք, որովհետև իրավաքաղաքական առումով այդ կարևոր փաստաթուղթը շարունակում է մնալ ուժի մեջ, դա մեր խորագույն համոզումն է, բազմաթիվ աշխատություններ են արդեն լույս տեսել այդ կապակցությամբ:

Բայց մի նոր անակնկալ ստիպեց մեզ նորից հավաքվել ՝ Սևրի դաշնագրի 100-րդ տարեդարձի նախօրյակին: Երբ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը փորձում ես հասկանալ Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության խնդրում՝ տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից ծուղակների շարան է, ինչպես 1960-ականների կեսերին, երբ նշվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, թուրքական կողմը պահանջատիրության խնդրից մեզ շեղելու նպատակով օրակարգ մտցրեց ժխտողականության խնդիրը, և այդ պարագայում մոռանալով տարածքային հատուցման խնդիրը, որը Սևրի դաշնագրի հիմքում էր ընկած, սկսեցինք զբաղվել թուրքական մերժողականության դեմ պայքարով»,-նշեց ակադեմիկոսը:

«Անկախության հռչակումից հետո, երբ մեկը մյուսի հետևից աշխարհի շատ երկրներ սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ականների վերջին օրակարգ բերեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովների գործունեությունը, ինչը զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր էր, հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր: Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում են այդ բանակցություններին:

ԱՄՆ-ում այդ բանակցություններն ընթացան 90-ականների վերջից մինչև 2003 թվականը, և հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա եղավ 2003-ի աշնանը, բայց թուրքական կողմը նոր ծուղակներ փորձեց հնարել, և արդյունքում հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից: Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին՝ հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բարեբախտաբար այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք նախաստորագրված էին, դուրս եկան օրակարգից»,-հիշեցրեց Աշոտ Մելքոնյանը:

Ապա հավելեց. «Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով՝ փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ՝ թշնամու կերպարը մեզանում մեղմելու գուցե և վերացնելու համար, զանազան ծրագրերի գործադրմամբ փորձում են հաշտեցնել կողմերին: Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը ոճրագործ: Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ և պաշտոնապես ճանաչեց հրեական Հոլոքոստը, ու 1952 թ հունվարի մեկից հարյուրավոր միլիարդներ է վճարում Իսրայել պետությանն ու հրեական համայնքներին, դեռ հրեական կողմը շարունակում է պնդել, որ դա շատ քիչ է, մեր պարագայում դեռ թուրքական կողմն է մեզ մեղադրում ցեղասպանության մեջ:

Ահա հերթական լարած մի թակարդը, որի մեջ հայտնվեցինք, և ցավալի է, որ մեր գործընկերներից մի քանի երիտասարդ պատմաբաններ, որոնք մեր ուսանողներն են եղել, հայտնվեցին այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ բարի գործ են անում, թուրքերի հետ փորձում են հաշտեցնել մեզ: Մինչդեռ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ:

Ցավոք հայտնվեցինք հերթական ծուղակում, և կրթական ծրագրերի տարբերակով, որը ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում՝ ներքաշվեցինք այդ խաղի մեջ: Պարզվեց՝ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները կապի մեջ են թուրք պատմաբանների ու քաղաքական գործիչների հետ՝ մեր քաղաքական գործիչների հետ միասին: Արդյունքում՝ մենք ունեցանք 2017-19թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում է Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչների մասին: Եվ ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է ազգայնականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու, ռազմաշունչ պահվածքի և այլ մեղքերի մեջ» , տեղեկացնում է Aravot.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ