Последние новости

Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱՌԱՋԻՆ ԱՄՍՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ

Ես չեմ տեսել որևէ հակահամաճարակային միջոցառում, որի համար անհրաժեշտ էր արտակարգ դրություն. այժմ արդեն դժվարանում եմ ասել՝ ինչով կարող է օգնել արտակարգ իրավիճակը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտակարգ դրության՝ ևս մեկ ամսով երկարաձգմանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ արտակարգ դրություն սահմանելու առաջին ամսում պետք է իրականացվեին մի շարք կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ իրապես խիստ կարանտինային ռեժիմի սահմանում, մինչդեռ պայքարը եղել է պասիվ, իսկ Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը չի կազմել համաճարակի դեմ պայքարի հստակ ռազմավարություն:

«Այն, ինչ կարող էին անել դեռ սկզբում, չի արվել: Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ է եղել՝ հակահամաճարակային գործողությունների տեսանկյունից: Անհրաժեշտ գործողությունները թույլ են եղել, իսկ հետագայում կանխարգելիչ բաղադրիչը ամբողջովին բացակայում էր. մայիսից ի վեր կանխարգելիչ գործողություն չի իրականացվել»,- ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընթացքում զբաղվել ենք միայն հիվանդաբուժությամբ: «Չեմ կարծում, թե, օրինակ, հիվանդանոցները վերաձևակերպելու և կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկելու համար անհրաժեշտ էր արտակարգ դրության պահպանում, քանի որ յուրաքանչյուր հիվանդանոցում էլ, առանց դրա, կարելի էր պայմանավորվել»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թե Առողջապահության նախարարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու հիմնավորումները եղել են անբավարար:

Անդրադառնալով դիմակներ կրելու պահանջին՝ համաճարակաբանը նախ ընդգծեց, որ իր դիտարկմամբ՝ բաց տարածքներում դիմակի կրումն անիմաստ է, ապա շարունակեց. «Իսկ փակ տարածքներում դիմակներ կրելու վերահսկողության համար արտակարգ դրության անհրաժեշտություն ևս չկա, առավել ևս՝ եթե անգամ արտակարգ դրության ընթացքում այդ վերահսկողությունը լիարժեք չի իրականացվում»:

Ինչ վերաբերում է վարակակիրների թվի նվազմանը, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ դա համաճարակի զարգացման տեմպի բնական փոփոխություն է:

«Յուրաքանչյուր համաճարակ առաջին փուլում շատ արագ բռնկվում և տարածվում է՝ ընդգրկելով բնակչության առավել խոցելի հատվածը, ինչպես անտառում, երբ սկզբից վառվում է չոր հատվածը, հետո վարակն ավելի դանդաղորեն ընդգրկում է միջին, խոցելի հատվածին: Այժմ մեզ մոտ ավարտվել է «չոր փայտի այրվելու» ընթացքը, նաև՝ մարդիկ ավելի քիչ են փակ տարածքում, ինչի արդյունքում գրանցվում է թվերի նվազում: Երբ եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ մարդիկ ավելի շատ լինեն փակ տարածքներում, կլինի թվերի որոշակի աճ»,-ասաց նա:/

Համաճարակաբանի խոսքով՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար բնակչության շրջանում պետք է իրականացնել հետազոտություն, թե իրականում նրանց քանի տոկոսն է վարակակիր եղել, ինչպիսին է եղել համաճարակի ամբողջական ընդգրկվածությունը, որպեսզի գնահատական տրվի, թե որքան է համաճարակի ներուժը:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ