Последние новости

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության կապակցությամբ, որում փորձ է արվում, ընդհանուր համատեքստից կտրելով, խեղաթյուրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։

Արցախի Հանրապետության Նախագահն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»։

Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։ Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն։

Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար։ Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ