Последние новости

Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ԽԱԲԵԼ ԵՆ»

«ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ գնահատական է տալիս Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սոցիալ-տնտեսական գործընթացներին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև մեկնաբանում հայ-ռուսական հարաբերությունները տվյալ փուլում:

Ինչ-որ չի երևում, թե մարդիկ զանգվածաբար վերադառնում են

-Ցավոք, անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ «թավշե» իշխանությունների կառավարման որակը Հայաստանում ինչպես կար, այնպես էլ մնում է ողորմելի մակարդակի։ Ավելին, է՛լ ավելի է վատթարացել։ Հանրապետության կառավարումը հանձն առած մարդկանց բանիմացությունն ու որակավորումը չի դիմանում ոչ մի քննադատության։ Ժամանակին հասարակությունը կարող էր դժգոհ լինել որոշակի բացասական երևույթներից, բայց այդուհանդերձ նախկին իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մակարդակն անհամեմատ բարձր էր։ Համենայն դեպս երկրի ղեկավարները հասկանում էին, թե ինչի մասին են խոսում։ Մինչդեռ այսօրվա վարչարարները՝ սկսած վարչապետից և վերջացրած իշխանության այս կամ այն ճյուղի ներկայացուցիչներով, պարզապես չեն հասկանում, թե ինչ են անում։ Չեն հասկանում, թե որտեղ են գտնվում, ինչ է լինելու իրենց հետ, այն երկրի հետ, որը կոչված են կառավարելու, կարգուկանոն հաստատելու, դուրս բերելու ճգնաժամից։

Եկեք հիշենք, թե 2018 թվականի ապրիլին ինչ բարձրագոչ կարգախոսներ էին հնչում «թավշե հեղափոխության» առաջնորդների շուրթերից։ Այ հիմա իրենք կգան իշխանության, արմատախիլ կանեն կոռուպցիան, արդյունքում մեծ թափով Հայաստան կհոսեն ահռելի ներդրումներ, տնտեսությունը կբարելավվի։ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ մեր սփյուռքահայ բազմաթիվ հայրենակիցներ ամպագոռգոռ հայտարարում էին, թե Հայաստանից ստիպված են եղել հեռանալ նախկին իշխանությունների քաղաքականության պատճառով։ Բայց անցել է արդեն ավելի քան երկու տարի, և ես ինչ-որ չեմ տեսնում, թե նրանք զանգվածաբար վերադառնան հայրենիք։ Ո՞ւր կորան։ Ի՞նչ պատահեց։ Ահա իրենց սիրելի իշխանությունը, ահա փողոցից եկած այդ մարդիկ, որոնք ասում են, թե իրենք արմատախիլ են արել կոռուպցիան։ Ավա՜ղ, բազմաթիվ խոստումները բոլորն էլ փուչ գտնվեցին։ Եվ իշխանությունը դա գերազանց հասկանում է…

Ժողովրդին խաբեցին, ստիպելով հավատալ հրաշքի

-Ինչո՞ւ է Փաշինյանը բարբառում 2050 թվականին վերաբերող ինչ-որ նպատակների մասին: Զարմանում եմ, թե ինչո՞ւ ոչ 2500-րդին։ Գուցե այդ ժամանակ արդեն ինչ-որ բան կլինի, բայց ո՞վ է պատմելու մեզ այդ մասին։ Մենք ողջ չենք մնա մինչ այդ հիասքանչ ժամանակները, որ սեփական աչքով տեսնենք աշխարհի լավագույն հետախուզությունը, ֆուտբոլի աշխարհի չեմպիոններին, առաջատար տնտեսությունը և այլն: Նման ֆանտաստիկ պատկերներ մարդիկ նկարագրում են այն ժամանակ, երբ պատկերացում չունեն, թե ինչ է պետք անել այստեղ և այս պահին, առարկայորեն, կոնկրետ հարցերի, խնդիրների, մարտահրավերների առնչությամբ: Կարծում եմ, այսօր հասարակության զգալի մասն արդեն գիտակցում է, որ իրեն խաբել են՝ գլուխը թլսորելով վերամբարձ ճարտասանությամբ։

Ես հենց 2018 թվականի ապրիլին եմ զգուշացրել, որ փողոցը չի կարող իշխանություն ձևավորել։ Փողոցի ձևավորած իշխանությունը աղետ է երկրի համար։ Ուշադրություն դարձրեք. 2017 թվականը Հայաստանի համար շատ կարևոր էր տնտեսական աճի տեսանկյունից, իսկ 2018-ին ընդհանրապես սպասվում էր երկնիշ աճ։ «Սիրո և համերաշխության հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած դիլետանտները պարզապես թաղեցին տնտեսական աճի մեծ ու կայուն տեմպերի հույսերը։ Ես չեմ ասում, թե նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ կարգին էր. կար սոցիալական լուրջ շերտավորում, հղփացած օլիգարխների կույտ՝ ճոխության ցուցադրումով ու նույնքան ցուցադրական սպառումով, այս ամենը նյարդայնացնում էր մարդկանց, որոնք չունեին աշխատանք, չունեին ապրուստի միջոցներ։ Եվ նրանք, հուսահատվելով, հավատացին հրաշքի, հավատացին մի մարդու, որն ասաց. եթե գամ իշխանության, բոլորին տեղը կդնեմ, օլիգարխներից ամեն ինչ կխլեմ ու կտամ ձեզ, բոլորին կապահովեմ աշխատանքով, փողով և այլն։ Հետո այդ հուսահատներին միացան նաև ուրիշները, որոնք տեղի ունեցածի մեջ տեսան իշխանափոխության հնարավորություն և հույս, որ նոր իշխանությունն ավելի լավը կլինի։ Որպես կանոն, մարդիկ չեն հասկանում, որ «թող լինի ով ասես, միայն ոչ սրանք» մոտեցումը, քանի որ «ավելի վատ լինել չի կարող», ձախողված մոտեցում է: Այն էլ ինչպե՜ս կարող է ավելի վատ լինել: Ու եղավ։ 2018-ի ապրիլին ես բերում էի Ուկրաինայի օրինակը. Յանուկովիչին տապալելուց մեկ տարի անց ուկրաինացիներն արդեն ասում էին. տա՛ Աստված, որ ապրենք գոնե այնպես, ինչպես Յանուկովիչի օրոք…

Խորամանկելով ու խուսավարելով՝ դուք ոչ մի տեղ չեք արժանանա հարգանքի և վստահության

-Իսկապես կարեկցանք են առաջացնում այն մարդիկ, որոնց խաբել են: Այսօր այն քաղաքացիներից շատերը, որոնք ժամանակին վանկարկում էին «դուխո՛վ», վրդովվում են, թե ինչու են իշխանությունները հայկական դպրոցական դասագրքերից հանում «Հայոց պատմություն»,«Հայ գրականություն» անվանումները, թողնելով «Պատմություն» և «Գրականություն» դիմազուրկ առարկաներ, վավերացնում կասկածելի կոնվենցիաները, բարձրացնում անշարժ գույքի հարկը և այլն: Չեմ խոսում արդեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ձախողման մասին. վարակվածության ու մահացության հրեշավոր ցուցանիշների մեղքն ամբողջությամբ ընկած է երկրի ղեկավարության վրա: Անթիվ-անհամար են հետհեղափոխական իշխանությունների գործողությունների առաջացրած հարցերն ու տարակուսանքը՝ «մենք բոլորովին այլ բան էինք սպասում, այս ի՞նչ եք անում» ոգով։ Բայց ումի՞ց գանգատվեն այդ մարդիկ. չէ՞ որ հենց իրենք են իշխանության բերել Փաշինյանին ու նրա թիմին։

Իսկ ի՞նչ է առկա այսօր։ Տնտեսական իրավիճակը ոչ մի վարդագույն հեռանկար չի ներշնչում։ Աշխարհաքաղաքական իրավիճակն էլ հեռանկարներ չունի։ Այս առումով չափազանց հատկանշական է այն հարցը, որ BBC-ում Hard talkժամանակ Սթիվեն Սաքուրը տվեց և՛ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դուք որտե՞ղ եք, Արևմուտքի՞ հետ եք, թե՞ Ռուսաստանի։ Եվ երկուսն էլ սկսեցին խուսափողական պատասխան տալ, առանց հստակեցնելու։ Այո, կոմպլեմենտար քաղաքականություն եղել է նաև նախկին իշխանությունների օրոք, բայց դա միանգամայն այլ բան է։ Երբ ի հայտ եկավ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցը և Հայաստանի առջև դրվեց «կա՛մ – կա՛մ» պայմանը, իշխանությունները հայտարարեցին նման մոտեցման անընդունելիության մասին։ Ընդ որում միշտ, բոլոր հարթակներում երկրի ղեկավարները (այդպես էր թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛Սերժ Սարգսյանի նախագահության օրոք...) պարզ ու հստակ խոսում էին այն մասին, որ ԵՄ-ի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրության հարցում մեր դիրքորոշումը միանշանակ է. առաջին տեղում Ռուսաստանն է։ Բայց եթե ձեր ներսում չկա այդպիսի դիրքորոշում, եթե դուք հոգով այնտեղ եք՝ Արևմուտքում, ձեր գրանտատուների, Սորոսի և այլոց հետ, ապա, իհարկե, ձեզ համար դժվար է հրապարակային տիրույթում, առավել ևս արևմտյան ԶԼՄ-ների համար հստակ հայտարարել, որ Հայաստանի թիվ մեկ գերակայությունը Ռուսաստանն է։ Իսկ հետո արդեն կա Իրան, Եվրոպա, ԱՄՆ ու «և՛ - և՛» սկզբունք, որով մենք ցանկանում ենք կառուցել մեր հարաբերություններն աշխարհի հետ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները, փորձելով տակից դուրս գալ այս հարցում, հարգանք ու վստահություն չեն նվաճում Արևմուտքում և, բնականաբար, կորցրել են այն հարգանքն ու վստահությունը, որ Մոսկվան տածում էր նախկին իշխանությունների նկատմամբ։ Աշխարհաքաղաքական առումով սա շատ կարևոր տեսանկյուն է

Աղետալի հետևանքներով սպառնացող տգիտություն

- Եվ էլի մի հարց, որն անկայունություն ստեղծող գործոն կլինի բուն Հայաստանի ներսում. դա, իհարկե, Հայաստանի գործող իշխանությունների բացարձակ անհասկանալի դիրքորոշումն ու կատարյալ տգիտությունն է ղարաբաղյան կարգավորման հարցում։ Վերջին 10 տարիներին հայկական դիվանագիտությունը՝ ի պատիվ իրեն, միշտ առաջանցիկ բնույթի դիրքորոշում է ունեցել։ Անհնար էր, որ ադրբեջանցիները (ինչպեսև, ի դեպ, թուրքերը) գերազանցեին հայերին միջազգային հարթակներում։ Որովհետև եթե որևէ մեկը հրաժարվում էր ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա դա միշտ մեր ընդդիմախոսներն էին՝ ադրբեջանցիներն ու թուրքերը։ Ներկայանալով, ի տարբերություն Հայաստանի, համաձայնագրերը մշտապես խախտող երկրների դերում։ Իսկ մենք պարզորոշ ցույց էինք տալիս այդ փաստը ողջ աշխարհին՝ միջազգային հանրության համար դրանից բխող բոլոր եզրահանգումներով։ Բայց հանկարծ Հայաստանում իշխանության են գալիս կիսագրագետ մարդիկ, հայտարարելով, թե մենք մաքուր էջից ենք սկսում և՛ ղարաբաղյան հարցը, և՛ միջազգային քաղաքականությունը։ Ու գործում մի հիմարությունը մյուսի հետևից։

Այսօր արևմտյան լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցեր են տալիս «եթե դուք սկսում եք ղարաբաղյան կարգավորումը մաքուր էջից, նշանակում է՝ ձեր դիրքորոշումն ա՞յլ է» ոգով, անվանում «սադրիչ»։ Ես խոսքեր չեմ գտնում դիվանագիտական այդպիսի սխալը բնորոշելու համար, ինչի իրավունքը պետության ղեկավարը պարզապես չունի։ Ի՞նչ կարող եմ ասել։ Մեր ժողովուրդն արժանի չէ նրան, որ իրեն կառավարեն փողոցից եկած մարդիկ։ Իհարկե, ամեն ինչ էլ պատահում է, և ով ասես կարող է ճանկել իշխանությունն ու կառավարել մի որոշ ժամանակ։ Բայց այսքա՜ն երկար և այսչափ աղետալի հետևանքներով. դա չափազանց վտանգավոր է երկրի և հայոց պետականության համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕРЕВАН-БАКУ, ЕРЕВАН-АНКАРА: ВОЗМОЖНОСТИ, УГРОЗЫ, ВЫЗОВЫ
      2022-09-24 16:08
      1244

      Сегодня в Ереване по инициативе ОО «Интеграция и развитие» и Евразийского экспертного клуба совместно с «Армянским национальным фронтом» и движением «Сильная Армения вместе с Россией» состоялось обсуждение по теме «Процесс урегулирования армяно-азербайджанских и армяно-турецких отношений: новые возможности и/или новые угрозы и вызовы».

    • АЗЕРБАЙДЖАНСКАЯ ПРОВОКАЦИЯ В ПАРИЖЕ. ГДЕ РЕАКЦИЯ АРМЯНСКОГО МИД?
      2022-09-23 10:36
      2275

      23 сентября постоянное представительство Азербайджана при ЮНЕСКО проведет в Париже презентацию, посвященную «разрушению азербайджанского культурного наследия в Армении». Нет, я ничего не перепутала – не Армения проведет мероприятие на предмет уничтожения азербайджанцами армянского историко-культурного наследия в Арцахе и Азербайджане, а совсем наоборот. Удивлены, возмущены? Зря. В Баку над продвижением и тиражированием своей лжи работают давно, целенаправленно и достаточно эффективно, тем более, что с некоторых пор не встречают никакого противодействия со стороны соответствующих армянских структур – МИД и дипмиссий в разных странах, МОНКС, парламентских комиссий и т.д. 

    • Андраник МИГРАНЯН: "НУЖНО ВЕРНУТЬСЯ К ФОРМАТУ МИНСКОЙ ГРУППЫ И ПРОДОЛЖАТЬ ОТТУДА"
      2022-09-20 12:25
      7635

      "Уничтожение Минского формата - мечта Азербайджана и Турции, а армянское руководство подыгрывает", - говорит в интервью "ГА" политолог, профессор МГИМО Андраник МИГРАНЯН.

    • ВИЗИТ ПЕЛОСИ В ЕРЕВАН: БОРЬБА ЗА ЮЖНЫЙ КАВКАЗ ВСТУПАЕТ В ОТКРЫТУЮ ФАЗУ
      2022-09-17 13:21
      4428

      Сегодня в Армению прибывает спикер Палаты представителей США Нэнси Пелоси в сопровождении конгрессмена Джеки Спир. Сообщается, что Пелоси, отказавшаяся сообщить подробности предстоящего визита и лишь заявившая, что «речь идет о правах человека, уважении достоинства и ценности любого человека», встретится с Пашиняном и другими официальными лицами. Правда, СМИ приписывают ей также более ранее заявление о том, что она отправляется в Армению, "чтобы продемонстрировать поддержку страны, ведущей смертельную борьбу с Азербайджаном".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ