Последние новости

Մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. չեն կարողանում սպառել բանջարեղենը

Արմավիրի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. գրեթե 3 ժամից ավելի է, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի՝ Երասխահուն գյուղի վարչական տարածքում մոտ 4 գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը եւ պահանջում են հանդիպում էկոնոմիկայի նախարարի եւ Արմավիրի մարզպետի հետ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղացիները բարձրաձայնում են, որ չեն կարողանում իրացնել իրենց կողմից աճեցված բադրիջանը, բիբարը, քանի որ հավատացել են պատկան մարմիններին, ովքեր գարնանը իրենց հորդորում էին, որպեսզի բադրիջան ու բիբար աճեցնեն. «Ու հիմա մենք հավատացել ենք նրանց եւ բադրջան ու բիբար ենք աճեցրել, բայց փաստորեն կանգնել ենք փաստի առաջ. չենք կարողանում սպառենք։ Մեզ ասում են, թե բիբարը կտրեք, ասֆալտին չորացրեք, մի բան կլինի։ Ու դա մեզ ասում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան, ով մեր հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում։ Մենք չենք հավատում Արմավիրի մարզպետարանին, դրա համար էլ ճանապարհ ենք փակել, որպեսզի նախարարը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորված անձ գա։ Ճիշտն ասած, մենք միայն Ն. Փաշինյանին ենք հավատում։ Մենք գիտենք՝ ներքեւներում նստածները իրան սխալ ինֆորմացիա են հաղորդում։ եթե վարչապետն իրականությունն իմանա, խնդիրը կլուծվի՝ ի շահ գյուղացու»։ Գյուղացիները ճանապարհը փակել էին, սակայն դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գեւորգ ՝ մեծ թվով ոստիկանների հետ, ովքեր հորդորեցին գյուղացիներին, իրենց բողոքի ակցիան շարունակեն ճանապարհից դուրս։ Գյուղացիները, ընդառաջելով նրանց հորդորին, ակցիան շարունակցին ճանապարհից դուրս։

Այս պահին գյուղացիների հետ զրուցում է Արմավիրի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա, սակայն գյուղացիները նրան ասում են, որ ինքը շատ փոքր է՝ այս հարցը լուծելու. խնդիրը միայն կարող է լուծել վարչապետը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ