Последние новости

Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանական զինուժը տարատեսակ զինտեխնիկա է կիրառել

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում արդեն 11 զոհ, 60–ից ավելի վիրավոր կա խաղաղ բնակիչների շրջանում. նրանցից 42–ի ստացած վնասվածքները բավականին լուրջ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջանական հարձակման առաջին իսկ օրվանից ՄԻՊ գրասենյակը փաստահավաք առաքելություն սկսեց, որի արդյունքների հիման վրա արդեն պատրաստվել է միջանկյալ զեկույց։

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական զինուժը միտումնավոր թիրախավորել է նաև քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։

Բեգլարյանը նշում է`քաղաքացիներին թիրախավորելու համար ադրբեջանական զինուժը տարատեսակ զինտեխնիկա է կիրառել։ Քաղաքացիների մի մասը տուժել են հրետակոծության հետևանքով, երեկ Մարտակերտում ռմբահարման հետևանքով մի ընտանիքի 3 անդամներ են սպանվել` 2 տարեց կին և տղամարդ։

«Սեպտեմբերի 27-ին Հադրութում տարեց կինն իր բնակարանում սպանվել է ԱԹՍ–ի հարվածից։ Սա շեշտում եմ, որովհետև դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է։ Եթե հրետանու դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, նաև միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված, ապա հարվածային ԱԹՍ–ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա»,– նշեց Բեգլարյանը`շեշտելով, որ սա ոչ միայն միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, այլև պատերազմական հանցագործություն։

Բելգարյանը նշում է` ինչպես մահվան դեպքերը, այնպես էլ վիրավորումները բավականին լայն աշխարհագրություն և առաջնագծից էլ տարբեր հեռավորությունների վրա են։

«Ադրբեջանը առաջնագծի ամբողջ երկայնքով և մեր բնակավայրերի ամբողջ խորությամբ թիրախավորում է ռազմական օբյեկտները և խաղաղ բնակչությանը»,– ասաց նա։

ՄԻՊ միջանկյալ զեկույցում վիրավորման մի քանի դեպքեր են ներկայացվել, որոնք առավել ակնառու են դարձնում ադրբեջանական ԶՈՒ գործելակերպը։ Բեգլարյանի խոսքով` Մատաղիսում մի հղի կին վիրավորվել է ավելի անվտանգ վայր տեղափոխվելու ճանապարհին, բժիշկների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել մոր և երեխայի կյանքը, փոքրիկը կեսարյան հատումով է ծնվել։ Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին մի տարեց տղամարդ հրետակոծության հետևանքով վիրավորվել է սեփական մեքենայով աշխատանքի գնալու ճանապարհին։ Մարտունի քաղաքում 2 տարեկան երեխա է վիրավորվել. նա այս պահին ամենափոքրիկ վիրավորն է։ Ի դեպ, նրա 9-ամյա քույրը զոհվել է ադրբեջանական կրակից, իսկ մայրը վիրավորում ստացել։

«Մեզ հետ զրույցում մայրը շեշտում է, որ երբ մի երեխան սպանվել է, մյուսը` վիրավորվել, փորձել են փախչել ավտոբուսով, ադրբեջանական ԱԹՍ–ն հետապնդել է ավտոբուսն ու հրթիռներ արձակել։ Այս վկայությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինուժը քաղաքացիական բնակչությանն է հատուկ թիրախավորման տակ պահել»,– ընդգծեց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ի խոսքով`մեծ վնաս է հասցվել նաև բնակելի տներին, քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներին, ճանապարհներին, արտադրական ձեռնարկություններին, հանրային նշանակության օբյեկտներ, դպրոցներ, անշարժ և շարժական գույք և այլն, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ