Последние новости

Ադամ Շիֆ ․ Դադարեցրեք կոչ անել երկու կողմերին, երբ մի կողմն է ագրեսորը

Ժամեր առաջ Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ քաղաքի խորհրդի անդամների հավաքն ու մամուլի ասուլիսը՝ ի համերաշխություն Հայաստանի հետ, որը նախաձեռնել էր խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը (Paul Krekorian), ներկա էր նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։

Քաղաքային խորհրդի անդամները մեկ-առ-մեկ դատապարտեցին Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ, խստագույնս քննադատելով Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ սիրիացի ու լիբիացի ջիհադիստներին ու ահաբեկիչներին պատերազմում ներառելու համար։

«Այս հարձակումն իրականացվել է Թուրքիայի ամբողջական աջակցությամբ։ Որպես հայ՝ սա շատ կարևոր է ինձ ու նաև խորհրդի անդամ Նազարյանի համար, բայց այսօր ես այստեղ եմ՝ որպես ԱՄՆ ընտրված պաշտոնյա՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի՝ սանձազերծված հայ ժողովրդի դեմ։ Մենք պահանջում ենք, որ մեր կառավարությունը Վաշինգտոնում անմիջապես ներառվի՝ վերջ դնելու այս բռնություններին ու պատասխանատվություն պահանջի ազերի ու թուրք պաշտոնյաներից այս հանցագործությունների համար։ Մենք սա անում ենք, քանի որ ամերիկացիները չպետք է երբեք հանդուրժեն ֆաշիստ թուրքական էքսպանսիան։ Ամերիկացիները չպետք է հանդուրժեն ջիհադիզմի տարածումն աշխարհի այս մասում, ամերիկացիները չպետք է հանդուրժեն կլաստերային ռումբերի օգտագործումը խաղաղ բնակիչների հանդեպ»,-ասաց Փոլ Գրիգորյանը։

Ուղիղ կապով միացավ նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնեց Արցախին։

«Հպարտ եմ, որ Լոս Անջելեսը Հայաստանից դուրս հայերի ամենամեծ տունն է։ Ես կիսում եմ ձեր մտահոգությունները, լսում ու տեսնում եմ»,-ասաց Գարսետին, կոչ անելով Թրամփի վարչակարգին՝ քայլեր անել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար հիմա, որ պետք է Թուրքիան դուրս գա այս հակամարտությունից անմիջապես։

Ադամ Շիֆն իր խոսքում ասաց, որ կոռումպացված Ալիևը ոչ թե փորձում է իր ժողովրդի վիճակը լավացնել, այլ պատերազմ է սանձազերծում հարևանի դեմ։

«Այս ագրեսիայում, այս սպանություններում նրան աջակցում է Էրդողանն ու Թուրքիան»,-ասաց Ադամ Շիֆը, հավելելով, որ Կոնգրեսում ներկայացվել է բանաձև Ջեքի Սփիրի հետ միասին՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել իր ագրեսիան, պահանջելով մոնիտորինգային մեխանիզմներ շփման գծի երկայնքով ու Էրդողանին ասելով՝ դուրս գալ հակամարտությունից, դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։

Շիֆը դիմելով Թուրքիային ու Էրդողանին, ասաց, «դու ՆԱՏՕ-ի անդամ ես, վարվիր նրա անդամի նման», ապա դիմելով Ադրբեջանին, ասաց, դադարեցրու բռնությունները, հակառակ դեպքում լինելու են հետևանքներ»։ Շիֆն ընդգծեց, որ այս հակամարտությունը կստիպի վերանայել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«Եթե ԱՄՆ-ի դաշնակիցը օտարերկրյա վարձկաններ է վարձում Սիրիայում՝ քաղաքացիների արյունահեղություն անելու համար, ինչպիսի դաշնակից է այն ՆԱՏՕ-ին կամ ուրիշին։ Մենք պետք է խստորեն խոսենք ոչ միայն Կոնգրեսում, այլ մեր վարչակարգից պահանջենք՝ դադարեք խոսել հավասարության սկզբունքով, դադարեցրեք կոչ անել երկու կողմերին, երբ մի կողմն է ագրեսորը, քանի որ երբ դուք անում եք այդպես, ապա դուք անում եք ոչ այլ ինչ, քան խրախուսում եք ագրեսորին»,-ասաց Ադամ Շիֆն ու հավելեց, որ ամեն ինչ կանեն՝ հակամարտությունը կանգնեցնելու համար։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները պահանջում էին աջակցել Արցախին, հայ ժողովրդին, կանգնել նրա կողքին, աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքերին, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ