Последние новости

Արցախյան ազատամարտի մասնակիցները զինվորների կողքին են ու կոչ են անում չկորցնել զգոնությունը

Արցախյան ազատամարտի մասնակիցները հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում զգոնությունը չկորցնելու կոչ են անում: Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) ու «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը վստահ են՝ մարդասիրական կոչերը Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին հետ չեն պահում իրենց ծավալապաշտական նկրտումներից, նրանց կարելի է կանխել միայն զգոն ու մարտունակ զինուժով:

«Թեպետ Ադրբեջանն է մասնակցում բանակցություններին, նրա փոխարեն որոշումներ կայացնում է Թուրքիան: Մենք մինչև վերջ պետք է պահպանենք մեր զգոնությունը, մարտունակությունը և մեզ թույլ չտանք թուլանալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Արցախի հերոսի խոսքով` ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է, նույնիսկ այժմ, երբ ամբողջ աշխարհին է հայտնի, որ սեպտեմբերի 27-ին նրանք են հարձակվել Արցախի վրա, ավելին, Սիրիայից ահաբեկչական խմբավորումներից վարձկանների են բերել Թուրքիայի տարածքով, նրանք  հայտարարում են իբր հայերն են սկսել պատերազմը:

Գագիկ Գինոսյանը, որն այս օրերին ռազմաճակատում էր, հավաստիացնում է՝ հայ զինվորների մարտական ոգին շատ բարձր է, բայց Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ պետք է միշտ զգոն լինել: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները, իսկ ես կարծում եմ, որ միայն մարդկանց են մարդասիրական կոչերով դիմում, իսկ գազանների հետ մարդկային լեզվով չի՛ կարելի խոսել. նրանց հետ միայն պետք է զենքը ձեռքին խոսել»,-շեշտեց Գինոսյանը:

Նա այս օրերին եղել է ռազմաճակատում, սակայն հոկտեմբերի 8-ին վերադարձել է Երևան, իսկ մեզ հետ զրույցից հետո պատրաստվում էր հեռախոսը փոխանցել դստերը և կրկին մեկնել Արցախ: Տեղեկացրեց՝ տղաներն առավել քան մարտական են տրամադրված և հերթական անգամ դաս են տալիս հակառակորդին զուտ գաղափարի, հայկական ոգու շնորհիվ: «Ուրիշ մեկնաբանություն չկա, թե ինչպես է կարող այս ազգը նման իրավիճակում հերթական անգամ հաղթող դուրս գալ: Մենք տեսնում ենք նրանց զինտեխնիկան, սպառազինությունը և Թուրքիայի աջակցությունը, բայց բոլոր փոքր մարդկանց, որոնք ասում էին՝ եթե թուրքը հարձակվի մենք առանց Ռուսաստանի չենք կարող, ասեմ, որ այս պատերազմն ապացուցում է, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, և որևէ մեկը մեր փոխարեն չի կարող որոշում կայացնել»,-նշեց Գինոսյանը:

Արցախյան պատերազմի մասնակիցը վստահ է՝ հայ ժողովուրդը շատ շուտով շատ շատերին դաս կտա, թե ինչպիսին են լինում ազգերը և ինչպիսի հզոր կամք են ունենում սեփական ճակատագրին, սեփական արժանապատվությանը տեր կանգնելու համար:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ