Последние новости

Մնացականյան. Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու

Մեզ համար առաջնային խնդիրն էր հասնել մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ մոտ 11 ժամ տևած բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ հարցազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ իրավիճակ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի կողմից բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ որ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը` հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ բավականին փխրուն։

Նա ընդգծել է` կրակի դադարեցման հասնելն անհրաժեշտ էր, քանի որ տարածաշրջանի և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավականին լուրջ մարտահրավեր։

«Որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ այն ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- նշել է նախարարն ու շեշտել, որ այս պահին առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն էր։

Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը, որպեսզի հնարավոր լիներ իրական, գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որն առանձին–առանձին տեղի էր ունենում ՌԴ և Ադրբեջանի նախագահների, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև։

«Մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրանց իրականացմանը։ Ես հիմա հուսով եմ, որ մենք կկարողանանք ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին»,– ասել է նա։

Մնացականյանը նաև հավելել է, որ խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը շարունակում է մնալ մեր հայրենակիցների անվտանգությունն ու նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

Խոսելով կայացած բանակցությունների ընթացքի մասին` նախարարն ընդգծել է` դրանք բավականին բարդ էին։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշակի գործողություններ, որպեսզի հումանիտար բնույթի հարցեր լուծվեն։

Մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, դա կրակի դադարն ամրագրելն է ու նաև այն մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարն ու ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը»,– ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ այստեղ կարևոր դերակատարում ունեն Ռուսաստանն ու համանախագահ երկրները։

Նրա խոսքով` բանակցությունների արդյունքում արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ ամրագրված են իրարից բխող քայլեր, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում տարածաշրջանում, կայունության, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում ու ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը մեր երկրի համար առաջնային նպատակ է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ