Последние новости

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ ՄԻ ՄԱՍՆ ԷՐ

Հոկտեմբերի 10-ի կեսօրից, համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման, հումանիտար զինադադար է հայտարարվել: Սակայն հակառակորդը շարունակում է կրակել: Այս և այլ հարցեր News.am-ին տված հարցազրույցում մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան:

Մի քանի ժամ է անցել հումանիտար զինադադարի հաստատումից, բայց շարունակում են գալ Ադրբեջանի կողմից հրետակոծության մասին հաղորդագրությունները: Ինչպե՞ս դա հասկանալ։

Այո, կրակոցները դեռ շարունակվում են: Որոշ ուղղություններով հակառակորդը դեռ ակտիվություն է ցուցաբերում: Սակայն ամենակարևորն այն է, որ Մոսկվայում ձեռք է բերվել քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական հրադադար: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրությանը և մեկ անգամ ևս կանտեսի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը: Այս դեպքում բոլորովին այլ գործընթացներ կարող են սկսվել, դա հասկանալի է: Այն, որ թշնամին այժմ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, նա միշտ էլ դա արել է: Բայց սա, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի փորձել ամրապնդել սեփական դիրքերը կամ վնասել մեզ, հետո պնդել, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ: Ամենակարևորն այն է, որ ձեռք է բերվել հենց քաղաքական համաձայնություն:

Կա՞ որոշակի ժամանակահատված, որի համար հաստատվել է հրադադարը:

Հրադադարը անժամկետ է, այս մասին ասվում է նախորդ օրը ընդունված հայտարարության տեքստում: Փաստորեն, հրադադարի ռեժիմը վերականգնվում է: Սա լավագույն տարբերակն է: Հրադադարի պահպանումը կախված է կողմերի քայլերից: Բայց Էրդողանին և Ալիևին երբեք չպետք է թերագնահատել: Իրականում մեր դեմ խաղում է նենգ, խելացի, ցանկացած արկածախնդրության պատրաստ թշնամի: Մենք դա երբեք չպետք է մոռանանք: Իրականությունից կտրվելը հղի է աղետով: Եվ այժմ հրադադարի ռեժիմը խախտելու փորձերը բոլորովին այլ հետևանքներ կունենան:

Ադրբեջանը գործում է Թուրքիայի թելադրանքով: Կարելի՞ է խոսել Մոսկվային արկածախնդրության մեջ ներքաշելու Անկարայի փորձի մասին:

Այն, որ Թուրքիան է թելադրում, փաստ է: Բայց մենք պետք է հստակ տարանջատենք գործընթացները, փորձենք նայել տարբեր հարթություններում: Ցավոք, պետք է ընդունենք այն իրողությունը, որ Թուրքիան աշխարհաքաղաքական մարտերի շատ հարուստ փորձ ունի, և բավականին հետաքրքիր: Երբ նրանք իրենց առջև ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիր են դնում, մեկից ավելի նպատակ կա: Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիան արկածախնդրության նպատակներից մեկն է միայն: Բայց ոչ միակը: Նրանք կցանկանային ոչնչացնել մեզ, փորձեցին դա անել՝ հավատալով, որ մի քանի ժամվա ընթացքում կարող են կոտրել մեզ: Դա փաստ է: Բայց հայկական պետականության ոչնչացումը Թուրքիայի նպատակներից մեկն էր: Նրանք ունեն ծրագիր-մինիմում և ծրագիր-մաքսիմում: Չստացվեց: Առաջին հերթին շնորհիվ մեր հերոսական տղաների, ովքեր իրենց կյանքի գնով կասեցրին թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը: Նման թշնամու հետ մենք առաջին անգամ ենք պատերազմում: Նախկինում Թուրքիայի այդպիսի ուղղակի մասնակցություն չկար: Այո, նրանք օգնում էին, բայց այդպիսի բան չկար: Մենք դիմադրեցինք: Բայց սա միակ նպատակը չէր: Հիմնականներից մեկը Թուրքիայի ներթափանցումն ու ամրապնդվելն էր Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում: Ցավոք, դա նրանց հաջողվեց Ադրբեջանում: Եվ այժմ մենք ունենք բոլորովին նոր անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք: Հարյուր տարի նրանք չէին կարողանում ներթափանցել այստեղ:

Հիմա նրանց դա հաջողվեց: Ես ավելի քան համոզված եմ, որ նրանք ինքնակամ չեն հեռանա այստեղից: Դա կլինի ռազմական ներկայություն Նահիջավանում, որն արդեն փաստացի դարձել է թուրքական պրոտեկտորատ: Ընդ որում վաղը նրանք կամրապնդեն իրենց տնտեսական ներկայությունը: Բացառված չեն ռազմատեխնիկական համագործակցության խորացման վերաբերյալ որոշ համաձայնագրեր, ինչի արդյունքում ադրբեջանական համազգեստ հագած թուրքական զորքերը կմնան տարածաշրջանում: Նրանք ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը դառնա գոնե ինքնավար վիլայեթ՝ Թուրքիայի կազմում: Սա հիմնական աշխարհաքաղաքական նպատակներից մեկն է: Նախ՝ նրանք շատ բարձր նշաձող էին դրել՝ ոչնչացնել Արցախն ու Հայաստանը: Չստացվեց: Այժմ նրանք Ալիևին ցույց են տալիս, որ առանց իրենց լիակատար ֆիասկո կլիներ, և հայերն արդեն Բաքվում կլինեին, ուստի իրենք պետք է մնան: Այնուհետև նրանք փորձում են ամրապնդվել Մինսկի խմբում: Դա նույնպես չի ստացվում: Բայց միևնույն է, Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի գործընթացների վրա: Բնականաբար, սա շատ լուրջ մարտահրավեր է: Բայց որքան լուրջ են մարտահրավերները և որքան մեծ է վտանգը, այնքան մեծ են հնարավորությունները: Այսինքն՝ մենք աշխարհաքաղաքական մանևրների լավ հնարավորություններ ունենք:

Այս իրավիճակում մենք որոշ ոլորտներում պետք է մի շարք արմատական փոփոխություններ կատարենք, ամենակարևորը` բանակը ուժեղացնենք, կադրային ճիշտ քաղաքականություն վարենք, եղբայրական երկրների հետ կապերն ամրապնդենք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն եղբայրության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկի մթնոլորտում: Հիմա մեր շահերը համընկնում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Ամերիկայի շահերի հետ, որքան էլ պարադոքսալ թվա: Քանի որ այն, ինչ արեց Թուրքիան, մարտահրավեր էր ԱՄՆ-ին: Փաստորեն առանց ավագ գործընկերոջը տեղեկացնելու նրանք ինքնավար կերպով ներքաշվել են այս արկածախնդրության մեջ՝ խարխլելով ԱՄՆ-ի հեղինակությունը: Իսկ գերտերության համար պարզ է, թե ինչով է հղի հեղինակության խարխլումը: Իսկ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար սա ուղղակի սպառնալիք է՝ պանթյուրքիզմի և ահաբեկչության պայթյունավտանգ խառնուրդ: Եվ դա արվում է պետական մակարդակով:

Որքանո՞վ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունն ու օբյեկտիվ դիրքորոշումը հակամարտության հանդեպ:

Վստահ եմ, որ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունը: Իրանը Հայաստանի համար երբեք ուղղակիորեն հանդես չի գա Ադրբեջանի դեմ: Բայց նա կլինի կայունացնող գործոն, ինչպիսին եղել է արդեն երեք տասնամյակ: Հենց նրա շնորհիվ է, որ մեծապես հաջողվում է տարածաշրջանում պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Թուրքիան փորձեց կոտրել այն, բայց ստեղծեց նոր իրավիճակ: Չեմ կարծում, որ այս երկրներին հարմար կլինի կողքներին ինքնավար թուրքական վիլայեթ ունենալը:

Ինչպե՞ս են Ստեփանակերտում վերաբերում խաղաղապահ առաքելության գաղափարին:

Կարծում եմ՝ առայժմ մենք հեռու ենք դրանից: Տեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ