Последние новости

ՔԿ փոխնախագահ․ Ներքին դավաճանության հետ կապված գործ չկա ՔԿ վարույթում

«Կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չենք տալիս մեկնել ճակատ, որովհետև դատավարական առումով հրատապ գործառույթներ կան։ Կկատարեն այս գործառույթները, նոր կմեկնեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

ՔԿ փոխնախագահը մանրամասնեց՝ Արցախ մեկնած քննիչների երկու խումբ է գործում այժմ. մեկը՝ քննչական գործունեությամբ է զբաղված, մյուսը՝ մարտական ծառայություն իրականացնում։

Նա անդրադարձավ վերջին օրերին գերեվարած սիրիացի վարձկան ահաբեկիչների՝ ՔԿ-ի կողմից քննվելու կարևորությանը։

«Յուրաքանչյուր փաստական հանգամանք բացահայտվում է ձեռք բերված ապացույցներով, և իմ կարծիքով, այժմ ձեռք բերված ապացույցները կօգտագործվեն ինչպես քաղաքական դաշտի քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում։ Ժամանակ է պետք, և կտեսնեք, թե ինչ ապացույցներ ու ինչ փաստական հանգամանքներ կան։ Եթե, օրինակ, ՔԿ-ն հայտնում է, որ ապացուցվել է՝ այս անձը վարձկան է, ուրեմն որոշ ժամանակ անց բոլոր ապացույցներն արդեն տեսանելի կլինեն»,- նշեց Արթուր Մելիքյանը։

Դիտարկմանը, որ գերեվարված ահաբեկիչների հարցաքննություններում նշվում է՝ ով է իրենց առաջարկել գնալ հակամարտության գոտի, տվյալներ են ներկայացվում, արդյո՞ք այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որպեսզի հայտնաբերվեն նաև ահաբեկիչներին հավաքագրողները, ՔԿ փոխնախագահն արձագանքեց՝ այդ առումով ԱԱԾ-ի հետ ընդլայնված համագործակցություն կա.

«Իհարկե աշխատում ենք, և այս առումով ԱԱԾ-ի հետ ենք համագործակցում, քանի որ վերջինիս միջազգային խողովակներն ավելի մեծ են։ Չեմ բացառում, որ վաղը որևէ երկիր քննչական պահանջ կուղարկենք, բայց այս պահի դրությամբ դեռ պետությունների հետ չենք աշխատում»։

Հարցին, թե այս պահի դրությամբ քանի՞ վարձկան է հարցաքննվել, Արթուր Մելիքյանը պատասխանեց՝ այս պահին ներգրավված են երկու վարձկաններ։ Նա հայտնեց նաև, որ այդ անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց կալանք է կիրառվել, մյուսի մասին՝ դեռ տեղեկություն չունի։

«Այս պահին ահաբեկիչների հարցով ապացույցների ձեռքբերման փուլում ենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռազմագերիների թվին, ապա ՔԿ փոխնախագահն ասաց, որ ամբողջական ինֆորմացիայի ՔԿ-ն չի տիրապետում. այդ առումով համագործակցում է ԿԽՄԿ-ի և ՊՆ-ի հետ։

Հարցին, թե արդյո՞ք ներքին դավաճանությունների և դասալքությունների հետ կապված գործեր կան ՔԿ-ում, Արթուր Մելիքյանը պատասխանեց՝ ներքին դավաճանության հետ կապված գործ չկա վարույթում։

«ԱԱԾ տնօրենի տեղակալի հայտարարություններից եմ տեղյակ, որ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանման վարույթում գործ կա, իսկ դասալքության հետ կապված կան որոշակի խնդիրներ, բայց մասշտաբային չեն։ Եղած դեպքերն էլ պահեստազորին են վերաբերում, բայց ահագնացող վտանգ չկա»,- նշեց նա։

Արթուր Մելիքյանը հայտնեց նաև, որ երեկվա դրությամբ ՔԿ վարույթում կա 9 գործ՝ կապված Արցախից զենք-զինամթերք բերելու հետ, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ