Последние новости

ՀՀ նախագահն ուղերձ է հղել քաղաքական բոլոր ուժերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Տեքստը հրապարակվել է նախագահի կայքում, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ուղերձում նախագահը նշել է, որ ավելի քան մեկ ամիս է՝ Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում։ Հայ զինվորն առանց իր կյանքը խնայելու կռվում է հանուն ազատության, արժանապատվության և հանուն հայրենիքի: Արմեն Սարգսյանը ցավակցություններ է հայտնել այն ընտանիքներին, որոնք այս պատերազմում կորուստներ են ունեցել։

«Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը, նշանակում է նաև ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն, նշանակում է նաև պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի...Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է»,- ասել է ՀՀ նախագահը։

Նա նշել է՝ իրեն հաճախ են հարցրել, թե ինչպես է հայ ժողովրդին հաջողվել հաղթել 30 տարի առաջ։ Այն դեպքում, երբ տեսել էր երկրաշարժ, տնտեսությունն ավերված էր, ժողովուրդը՝ գրեթե անզեն։Նախագահը հաղթանակի գաղտնիքը ձևակերպում է մեկ բառով՝ «միասնություն»։

«30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք: Սակայն հաղթեցինք, որովհետև մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը: Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը: Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը»։

Նախագահը դիմել է քաղաքական բոլոր ուժերին, քաղաքական և հասարակական գործիչներին՝ հորդորելով հետևել ժողովրդի օրինակին, լինել ժողովրդի պես միասնական ու համախմբված։

Նախագահը հիշեցրել է նաև մեր ևս մեկ թշնամու՝ կորոնավիրուսի մասին՝ նշելով, որ այստեղ ևս հաղթանակը մեզնից է կախված։ Նա կոչ է արել լինել միասնական և համախմբված, կազմակերպված և կարգապահ։ Առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ, կյանքեր փրկում:

Սարգսյանը դիմել է նաև Արցախում, Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք տարբեր կերպ օգնում են այս պայքարին։ Նա հորդորել է շարունակել աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համահայկական հիմնադրամի բոլոր նվիրատուներին՝ ընդգծելով, որ այդ կերպ նրանք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը: Նա կոչ է արել Հայաստանում և սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

«Մեր հույսը մենք ենք և մեր իրական բարեկամները: Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը: Աստված պահապան Արցախին, Հայաստանին և մեր ողջ ժողովրդին»,- եզրափակել է իր ուղերձը ՀՀ նախագահը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ