Последние новости

Արկադի Տեր-Թադևոսյանն առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ում անունն անքակտելիորեն կապվում է 1992 թվականին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար:

Գեներալը կոչ արեց անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու կայունությունն ու պետականությունը, չտրվելու էմոցիաների, որոնք էլ ավելի են խորացնում իրավիճակը: Նրա գնահատմամբ՝ հնարավորություն կա համախմբելու առողջ ուժերը՝ ծանր վիճակից դուրս գալու համար: «Դուք բոլորդ գիտեք, որ ես հասարակ սպա եմ, ես որևէ քաղաքական և անձնական շահ չունեմ: Բոլորին կոչ եմ անում լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից վեր: Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը»,-ասաց Տեր-Թադևոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով իր վրա վերցնել խորհրդի համակարգման գործառույթը: Նրա առաջարկով՝ խորհուրդը կարող է գտնվել իր գրասենյակում Արշակունյաց 5 հասցեով:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հաղորդվեց Փաշինյանի, Ալիևի և Պուտինի համատեղ հայտարարության մասին, գիշերվանից քաղաքացիները սկսեցին հավաքվել Երևանի կենտրոնական հրապարակում և ԱԺ դիմաց: Մարդիկ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»: Իշխանության գալու պահից Փաշինյանը վստահեցնում էր, որ ԼՂ հարցով որևէ փաստաթուղթ չի ընդունվի առանց համազգային քննարկման: Իսկ իրականում վարչապետը ստորագրեց կարևոր փաստաթուղթը՝ չտեղեկացնելով հանրությանը: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հայտարարության հրապարակումը հետաձգվում էր մինչև Արցախի խորհրդանիշ Շուշիի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ