ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԵՍԻՋԸ
Մարտի 30-ին ելույթ ունենալով Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների առջև, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Նախ՝ այն մասին, որ հայկական կողմից չեն լինելու ոչ մի զիջումներ, երկրորդ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» պարտվողական բանաձևի փոխարեն գործի գցեց իրենը. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ «Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասաց նա։ Զարգացնելով իր միտքը արդեն «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում, նախարարն ընդգծեց, որ առնվազն անընդունելի է Հայաստանի, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Եվ հավելեց, որ հասարակությունը նույնպես պետք է ընդունի դա։