Логотип

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։ Նման որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, սահմանվեց վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու են, քանի որ արդարացման որոշման էր սպասում։

«Նոր քննություն պետք է լինի, ես այդ հանցանքը չեմ գործել»,- ասաց Համբարձումյանը։

Հավելենք, որ գործը բեկանվել է նաև Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մասով, և նրա մասով ևս նոր քննություն կլինի։

Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։

Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Sputnik Արմենիա