ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԹԵ՞ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ
Թուրքիան լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, ասաց ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի, դիվանագետների և հյուպատոսությունների աշխատակիցների ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք»,- ասաց Մնացականյանը։ Նրա խոսքերով, դա առաջացնում է շարունակական դիմակայություն, ինչը պայմանավորում է Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների համատեքստում։