Հարավային Կովկասի երեք հանրապետությունները չեն կարողանա լիարժեքորեն զարգանալ որպես ինքնուրույն պետություններ, եթե չստեղծեն միավորող գործոնների և տարածաշրջանի մասնատման արտաքին սցենարներից պաշտպանության վրա հիմնված ընդհանուր տնտեսական հարթակ։ Մայիսի 7-ին «Հիշողության անկյունաքարը՝ ապագայի հենարան. ինչպես պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գոչա Ցոպուրաշվիլին։
Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է մի կողմ դնեն սեփական նեղ շահերը և ստեղծեն մոտ 20 միլիոնանոց միասնական շուկա։ Ըստ նրա՝ միայն այդ դեպքում տարածաշրջանը համաշխարհային կենտրոնների համար կդադարի լինել հավերժական բախումների թատերաբեմ և կվերածվի վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ։
Իր ելույթում Ցոպուրաշվիլին նշել է, որ տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն ունի սակագնային պատերազմներից և լոգիստիկ մրցակցությունից խուսափելը, հատկապես՝ «Միջին միջանցքի» զարգացման համատեքստում։ Նա ընդգծել է մաքսակետերում «մեկ պատուհանի» համակարգի ներդրման անհրաժեշտությունը, որպեսզի տարանցիկ բեռները բոլոր երեք հանրապետություններով անցնեն մեկ միասնական փաստաթղթով և առանց արհեստական խոչընդոտների։
Ըստ նրա՝ DCFTA համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանն արդեն անցել է եվրոպական չափանիշներին հարմարվելու դժվարին ուղին և այդ փորձը փաստում է, որ արևմտյան քվոտաներին ու արգելքներին կուրորեն հետևելը հաճախ խաթարում է հավասարակշռությունը։ «Մենք եկանք այն եզրահանգման, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն. եվրոպական ներմուծումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը, մինչդեռ հյուսիսային շուկան մեզ համար մնում է եկամտաբեր և պատմականորեն անփոխարինելի»,— ընդգծել է նա։
Նախկին փոխնախարարն առանձնակի շեշտել է սպառման ավանդական շուկաների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ հայկական ծիրանն ու վրացական դեղձը հյուսիսում միշտ ավելի մեծ պահանջարկ կունենան, քան Եվրոպայում։ Ցոպուրաշվիլին բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ փաստելով, որ հայկական կաթնամթերքն ու մսամթերքն արդեն հաջողությամբ մրցակցում են վրացական շուկայում։
Նա ընդգծել է, որ միայն խորը տնտեսական գործակցության, փոխադարձ հարգանքի և դեռևս «հին Թբիլիսիից» եկող մարդկային ջերմ հարաբերությունների շնորհիվ տարածաշրջանը կկարողանա հավասարակշռել այնպիսի խոշոր հարևանների ազդեցությունը, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ «Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որ մեզ հերթով չմասնատեն»,- ամփոփել է փորձագետը։
News.am
