Логотип

Պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը մտադիր է դատի տալ Ռուբեն Ռուբինյանին

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է պատասխանատվության կանչել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա այդ մասին հայտարարեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ` հավելելով, որ խորհրդարանում իր հասցեին տարբեր անհիմն մեղադրանքներ են հնչում։

«Խորհրդարանի փոխխոսնակ կոչված անձը հայտարարել է, թե ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն, որի համար ինքը պետք է պատասխան տա։ Դատարանում հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, նրանք խախտում են անմեղության կանխավարկածը։ Սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ։ Գործ պետք է հարուցենք այս անձի նկատմամբ, ու այս անգամ ինքն իր վախկոտ ընկերների պես չի գալու դատարան ու ասի, թե քաղաքական հայտարարություն է արել»,– ասաց նա։

Բագրատ սրբազանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին։

«Գլխավոր դատախազը մեղադրանքներ է ներկայացրել, որոնք հնչել են խորհրդարանում, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը։ Հիմա հարց ունեմ ձեզ (դիմում է նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին. խմբ.)՝ մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգում։ Սա նաև վիրավորանք է դատարանի հասցեին, թե իբր դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս»,– ընդգծեց սրբազանը։

Sputnik Արմենիա