Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
Հանդիպումից և փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ սա մի ձևաչափ է, որը հնարավորություն կտա ավելի լրջացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալ ոլորտային համագործակցությանը։
«Երկկողմ այցերն ու միմյանց հանդիպելը և հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է՝ առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։ Այս այցը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում և հենց այս ժամկետում էլ մենք, ունենալով բոլոր նախկին զարգացումները, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը»,-ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ լիտվացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին, աշխարհաքաղաքական իրավիճակին։
«Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկելու մեր տնտեսական համագործակցության հեռանկարները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ոլորտներում, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի , որտեղ մենք որոշակի փորձ և գիտելիքներ ունենք»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ Հայաստանի և Լիտվայի համագործակցությունն իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում, միջազգային հարթակներում։
«Մենք երախտապարտ ենք մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած աջակցության համար»,-ասաց Միրզոյանը։
