Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա տարածքային զիջումները կշարունակվեն: Այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։
Նշենք, որ օգոստոսի 20-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Տավուշի գյուղեր)՝ ոչ։
«Դրանից հետո կհռչակի 5-րդ հանրապետությունը։ Կշարունակի հանձնել ու կհասնի մինչև Լոռի, բայց այնտեղ կանգ կառնի։ Իհարկե, եթե մնա իշխանության, ինչը մենք թույլ չենք տա»,-ասաց Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ TRIPP նախագիծը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և այս հարցի նկատմամբ մոտեցումը պետք է փոխել։ Նա համակարծիք չէ, որ իրենց ուժը փոխել է խոսույթը և լիովին համակարծիք է եղբորորդու հետ:
«Ոչ թե TRIPP, որը կա հիմա, քանի որ, եթե մենք թողենք իրենք միջանցք ենք տալու: Բայց մենք ասում ենք, որ դա միայն ճանապարհ պետք է լինի, մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»,- մանրամասնեց Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Sputnik Արմենիա
