Логотип

Միրզոյան․ Մենք չենք ուզում լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում

Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո Ռուսաստանից հնչած հայտարարություններին։

«Մենք չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կողմերը պետք է հարգանքով վերաբերվեն մեկմեկու որոշում կայացնելու իրավունքին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը նշեց՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։

«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

Sputnik Արմենիա