Խաղաղապահ գործողություններին մասնակցող անձնակազմի թվաքանակը 2025 թվականի վերջին նվազել է մինչև վերջին 25 տարվա ամենացածր մակարդակին։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած վերլուծական զեկույցում։
«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ խաղաղապահ գործողություններին մասնակցել է 78 633 միջազգային մասնագետ, ինչը 49%-ով պակաս է, քան 2016 թվականին, և առնվազն 2000 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Թեև անձնակազմի թվաքանակը նվազել է ամբողջ տասնամյակի ընթացքում, 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ամենակտրուկ անկումը՝ 17%», – պարզաբանում է SIPRI-ն։ Նրա փորձագետները կարծում են, որ «աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական ճնշումը և ֆինանսավորման ճգնաժամերը վտանգում են բազմակողմ խաղաղապահ գործողությունների կենսունակությունը»։
2025 թվականին 34 երկրներում և տարածքներում իրականացվել է 58 բազմակողմ խաղաղապահ գործողություն՝ երեքով պակաս, քան 2024 թվականին։ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներում և Եվրոպայում տեղակայվել է 18-ական առաքելություն, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում (MENA)՝ 14, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 5, Ասիայում և Օվկիանիայում՝ 3։ Անձնակազմի գրեթե երեք քառորդը (73%) աշխատել է հինգ առաքելություններում, որոնցից չորսը՝ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներում։
SIPRI-ն նշում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման առաջացած ճգնաժամը, «քանի որ խոշոր դոնորները չեն կարողացել ժամանակին կամ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները»։ «2025 թվականի հուլիսին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները բախվել են 2 մլրդ դոլարի պակասուրդի, ինչը կազմել է նրանց 2024-2025 թվականների 5,6 մլրդ դոլար ընդհանուր բյուջեի ավելի քան 35%-ը։ Արդյունքում դրանցից մի քանիսի անձնակազմի թվաքանակը հարկ է եղել զգալիորեն կրճատել», – գրում են ինստիտուտի փորձագետները՝ նշելով, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամների կողմից խիստ պահանջներն ու վետոյի սպառնալիքները բարդացրել են գործողությունների մանդատների երկարաձգման վերաբերյալ որոշումների ընդունումը»։
«Քանի որ ՄԱԿ-ի գլխավորած հակամարտությունների կառավարումը հետին պլան է մղվում, առաջանում է աճող բաց, որը այլընտրանքային մոդելները ի վիճակի չեն լրացնել, – իրավիճակը մեկնաբանել է SIPRI-ի ավագ գիտաշխատող Կլաուդիա Պֆայֆեր Կրուզը։ – Բազմակողմ հակամարտությունների կարգավորման փլուզումը անխուսափելի չէ։ Ակնհայտ է, որ սկզբունքորեն գոյություն ունի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների լայն աջակցություն։ Սակայն բազմակողմ հակամարտությունների կարգավորումը պահպանելու համար պետություններին անհրաժեշտ կլինի դուրս գալ աջակցության արտահայտություններից այն կողմ. նրանց պետք կլինի ապահովել կանխատեսելի ֆինանսավորում և ստեղծել բավարար քաղաքական տարածք արդյունավետ բազմակողմ արձագանքի համար»։
News.am
