Логотип

Խուդաթյան․ ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հետ կապված գործընթացը գրեթե ավարտական փուլում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Շատ կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը։ Հաջորդը կլինի «Արարատցեմենտը»։ Այն «ազատագրելու» որոշումից մենք հետ չեն կանգնել, իհարկե, մենք չենք պատրաստվում գնալ ու հենց էս պահին այն «ազատագրել»»,-ասել է Խուդաթյանը։

Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի հետ կապված հարցը լուծվելու է Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում։ Նախարարը նաև շեշտել է` մեծ թվով գույք է այս ընթացքում արդեն վերադարձվում կառավարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն 2025 թվականի հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ–ի պետականացման նախագիծը։
Մինչ այդ` 2025 թվականի հունիսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել էր` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Նույն օրը պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ։

Ներկայում այս հարցի շուրջ դատական գործընթացներ են։

2026 թվականի մայիսին էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։

Sputnik Արմենիա