Логотип

Սամվել Կարապետյան․ Փաշինյանն է պետական ռեսուրսն օգտագործում` ՌԴ-ից ընտրող բերելու համար

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը համոզված է` Ռուսաստանից միայն Նիկոլ Փաշինյանն է մարդ բերում` ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին այսօր նա ասաց դատական նիստից առաջ` լրագրողների հետ զրույցում։

«Մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ հնարավորություն։ Փաշինյանն է ամբողջ պետական ռեսուրսը միացրել, Ռուսաստանից մարդիկ բերում, որ գոնե կարողանա 15 ձայն հավաքի»,– ընդգծեց Կարապետյանը։

Նա նշեց, որ ինչ էլ անեն իշխանությունները, միևնույնն է` այս ընտրություններին հաղթելու է իրենց քաղաքական ուժը, որպեսզի հայ ժողովուրդը կարողան ազատ շունչ քաշել։

Հիշեցնենք, որ մայիսի 11–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր Հայաստան են գալիս հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ քվեարկեն իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին։

Մինչդեռ իշխանամերձ շրջանակներն ավելի վաղ հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչներն են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ ամրագրում արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար` հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Ի դեպ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 25–ին հաղորդագրություն էր տարածել` պնդելով, թե արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով` ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա