Логотип

Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին

Ռուսաստանաբնակ գործարար և հասարակական գործիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։

Ավելի վաղ «Хроника Кавказа» անունով Telegram-ալիքը հայտնել էր, թե Սողոմոնյանն իբր աջակցում է Մարությանի և Թաթոյանի քարոզարշավներին։ Այս ալիքի նյութերը ստեղծման պահից ի վեր տարածում են հայաստանյան իշխանությունների հետ կապված Telegram-ռեսուրսները։

«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք։ Ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը։

Նա նաև նշել է, որ մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1575-ամյակը՝ այն ճակատամարտի, որում հայերը, նրա խոսքով, պաշտպանել են քրիստոնեություն դավանելու իրենց իրավունքը։ Ներկայումս Սողոմոնյանն աշխատում է իշխան Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի վրա, որն այդ ճակատամարտում առաջնորդում էր հայոց զորքը և զոհվեց հանուն հավատի։

«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի օգտին քարոզչություն անել և իսկապես Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ, որ նա բարգավաճի»,-հավելել է նա։

Sputnik Արմենիա