Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունն ավարտել է կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք արտադրող հայկական ձեռնարկությունների տեսչական ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ստուգումներն իրականացվել են ՀՀ մասնագետների հետ համատեղ։ Մայիսի 20-ից 27-ը քննարկվել են անասնաբուժական-բուսասանիտարական ոլորտում գործող ձեռնարկություններում իրականացված ստուգումների նախնական արդյունքները:
Քննարկումներին մասնակցել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները և Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը:
Ինչպես հայտնել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Ստուգումների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, կողմերը պայմանավորվել են սահմանային հսկողության միջոցների առավել հետևողական կիրառման, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող հայկական արտադրանքի արտահանումը ՌԴ շուկա շարունակելու մասին:
Տեսչական մարմնից ընդգծել են, որ հայ արտադրողների համար ռուսական շուկան շարունակում է մնալ արտահանման խոշորագույն հարթակներից:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:
Sputnik Արմենիա
