Логотип

Սթափվելու ժամն է, սա նոր Սարդարապատ է․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հանրապետության օրվա առիթով

Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք, երբ կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։ Այս մասին նշված է Հանրապետության օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

«․․․ Ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է: Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Հիշեցնում են, որ 1918 թվականի մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ապացուցվեց՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:

Sputnik Արմենիա