Եվրասիական սերտ ինտեգրումը, օգուտ է բերում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Կցանկանայի հատուկ ընդգծել՝ հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, այդուհանդերձ, եվրասիական սերտ ինտեգրումը իրական օգուտ է բերում մեր միավորման անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Նպաստում է բիզնեսի եկամուտների ավելացմանը, մեր երկրների բնակչության կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշել է Պուտինը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը գրեթե ամբողջությամբ անցել է ազգային արժույթների, ինչը երկրներին պաշտպանում է գլոբալ շուկաների բացասական միտումներից։.
Նրա խոսքով՝ ընդլայնվում են արտահանման փոխարինման գործընթացները, ինչի շնորհիվ փոխադարձ առևտրում նվազում է հումքային ապրանքների մասնաբաժինը, աճում է բարձր տեխնոլոգիական ապրանքների մասնաբաժինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ արդեն գործարկվել է կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի (ԵԱՏՄ առնվազն 3 երկրի մասնակցությամբ. խմբ.) արտոնյալ համաֆինանսավորման մեխանիզմը։ Նման երկու նախագիծ արդեն իրականացվում է, երեքը հավանության են արժանացել, ևս 14-ի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս հաջող փորձը, ըստ Պուտինի, կտարածվի ագրոարդյունաբերական ոլորտի կոոպերացիոն նախագծերի վրա։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստն առաջինն է այս տարում, 26-րդը՝ ԵԱՏՄ-ի գործունեության մեկնարկից ի վեր։
Նա նշել է` եվրասիական հնգյակում ագրոարդյունաբերության զարգացման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի գյուղատնտեսական բույսերի սերմերի շուկայի ընդհանուր կարգավորման մասին կարգադրությունը։
Ընդհանուր առմամբ, Պուտինի խոսքով, ինտեգրումը նպաստում է բիզնեսի եկամուտների բարձրացմանը և բնակչության բարեկեցության ավելացմանը։ Այսպես` ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալն աճել է 1,6%-ով, գյուղատնտեսական արտադրությունը՝ 4,6%-ով, շինարարությունը՝ 4,2%-ով։
Ռուսական կողմը, ըստ Պուտինի, հավանություն է տալիս նաև խորհրդի քննարկմանը ներկայացված այլ որոշումներին, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկայի և ծառայությունների ոլորտում։
Նա նշել է, որ շատ երկրներ և տարածաշրջանային միավորումներ հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան։
ՌԴ նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքը արտաքին հարթակում, այդ թվում՝ Հնդկաստանի հետ առևտրի ազատականացման շուրջ բանակցությունների գծով։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
