Մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է. «Չկա Նիկոլը պաշտոնին՝ չկան խնդիրներ Հայաստանում: Չկա Նիկոլը՝ չկա ճգնաժամ, չկա Նիկոլը՝ չկա աղքատություն, չկա Նիկոլը՝ չկա պատերազմ, չկա Նիկոլը՝ չկա ազգային նվաստացում, չկա Նիկոլը՝ չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձ»: Այս մասին մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բոլոր առկա խնդիրները լուծելի են, ես գիտեմ՝ ինչպես դա անել, և մենք դա կանենք: Մենք արդյունավետ կառավարման հարուստ փորձ ունենք: Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է գնա ընտրության և ընտրի Հայաստանը, փորձը, պատասխանատվությունը»,- նշել է նա:
«Այս իշխանություններն 8 տարի շարունակ ասում էին, որ ամեն ինչ լավ է: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենց ասելով նշանակում, թե ամեն ինչ լավ է։ Թվարկեմ։
Առաջինը։ Խաղաղության մասին խոսելով՝ բերեցին պատերազմ, տվեցին 5000-ից ավելի զոհ։ Հիմա էլ ընդունում են, որ դա արել են միտումնավոր՝ հասկանալով, որ ամեն ինչ կորցնելու են, բայց արել են դա, որպեսզի իրենց դավաճան չասեն:
Երկրորդը։ Թշնամուն Հայաստանից հանձնել են 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք և ասել են, սոված կմնան, կգնան տուն: Մինչև այսօր այդ սոված մնալը շարունակվում է։ Այս երկրագնդի վրա սա ամենաերկար հացադուլն է, որը թշնամին անում է մեր տարածքում, ըստ Նիկոլ Փաշինյանի:
Երրորդը։ Հանձնել են Արցախը, և ունենք 150 հազար փախստական: Հիմա էլ արցախցիներին ասում են՝ «իսկ ինչու՞ դուք չեք զոհվել»։
Չորրորդը։ Անհասկանալի պայքար են մղել կովիդի դեմ։ Սկզբից ասել են՝ ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժենք։ Հետո պարզվեց, որ այդ պատճառով Հայաստանում կովիդից մահացավ երեք անգամ ավելի մարդ, քան համաշխարհային միջին ցուցանիշն էր։ Սա վարակի դեմ անշնորհք պայքարի արդյունքն էր։
Հինգերորդը։ Խոստացել են պայքարել կոռուպցիայի դեմ, բայց իրենք են գլխավորել այն, ստեղծել են սեփական օլիգարխներին և որդեգրել հին օլիգարխներին: 8 միլիարդ դոլարի պարտք են կուտակել և այդ գումարի առնվազն կեսը մսխել են:
Վեցերորդը։. Խոստացել են սոցիալական արդարություն և պայքար աղքատության դեմ։ Սակայն պարզվեց, որ, ըստ Փաշինյանի, աղքատությունը մարդկանց գլուխներում է։ Ըստ նրա թիմի ներկայացուցիչների՝ «Opel» մակնիշի մեքենաների բոլոր վարորդները համբալներ են։ Սա է հայ ժողովրդի մասին նրանց պատկերացումը։
Յոթերորդը։.Խոստացել են պայքար հանցավորության դեմ, բայց իրենք են հանցագործ դարձել։ Կասկած չունեմ, որ Հայաստանում թմրամոլության աճի ներկայիս բարձր տեմպերն անհնար կլինեին առանց բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության այդ բիզնեսում։
Ժողովրդին նստեցրին օնլայն կազինոների վրա՝ քայքայելով ընտանիքներ ու հարստանալով ուրիշի դժբախտության հաշվին:
Այս ցանկը կարելի է շարունակել, բայց սա էլ բավական է հասկանալու համար, որ մեզ նման «լավ» բաները պետք չեն, մենք դա մերժում ենք։ Այս յոթ կետերից յուրաքանչյուրը բավարար է սրանց վռնդելու համար։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, այս իշխանություններն անկուշտ են, նրանք ուտում են ոչ միայն ուտելիքը, այլև բյուջեն ու մարդկանց կյանքերը։ Այս իշխանությունները բերում են միայն մահ ու տառապանք, որոնք ուղեկցվում են փառատոններով։ Նրանք հռոմեական հայտնի «հաց և զվարճանք» բանաձևը վերափոխել են «մահ և զվարճանք»-ի:
Իշխանությունը կարող է սխալվել, բայց ոչ այսքան անգամ: Ներկայիս իշխանությունները վաղուց սպառել են սխալների լիմիտը, և մենք այլևս թույլ չենք տա նրանց սխալներ անել, որոնց համար ժողովուրդը վճարելու է իր կյանքով ու բարեկեցությամբ:
Իշխանություններին քիչ է թվում այն, ինչ արել են, նրանք ժողովրդին կանգնեցրել են տնտեսական նոր խնդիրների առաջ:
Մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ տնտեսությունից։ Այսօր Հայաստանին վերջնագիր են ներկայացրել՝ որոշեք, թե ուր եք գնում։ Սա անհետևանք չի մնա, և եթե իշխանությունները մնան, Հայաստանը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ։ Գիտեմ՝ ինչ եմ ասում։ Եվ այս ամենը հանուն նրան, որ մեկ մարդ ուզում է կառչած մնալ իր աթոռից, իրեն սոսնձել է այդ աթոռին։ Ուրեմն պետք է պոկել, ու եթե աթոռի հետ միասին էլի ինչ-որ բան պոկվի, մեզ դա չի հուզում:
Մեզ արհեստականորեն դարձնում են Ռուսաստանի թշնամի, մեզ տանում են Ուկրաինայի ճանապարհով, իսկ դա տանում է միայն կործանման։ Մեզ դա պետք չէ։ Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի հետ:
Մեզ պետք է «և-և», այլ ոչ թե «կամ-կամ»։ Եվ դա հնարավոր է, մենք դա արել ենք։ Ընդամենը պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա, դրդել նրանց ու հարվածի տակ դնել սեփական ժողովրդին։ Եթե ինչ-որ մեկին սիրում ես, նրան երբեք հարվածի տակ չես դնում։
Եթե մեր ժողովրդին սիրում ես, ուրեմն ռադդ քաշիր, ու հարվածի տակ մի դիր մեր ժողովրդին։
Մենք կարող ենք վերջ դնել այս քաղաքականությանը։ Խնդիրը ոչ թե մեր ժողովրդի կամ պետության մեջ է, այլ մեկ մարդու»,- ընդգծել է Քոչարյանը։
News.am
