Логотип

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական ռադարի և ԱԹՍ-ների կառավարման կետերի ուղղությամբ

ԱՄՆ-ն հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռադարներին և ԱԹՍ-ների կառավարման կետերին, հայտարարել է ամերիկյան ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Այս հանգստյան օրերին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել իրանական ռադարի և Հարուկում (Իրան) և Քեշմ կղզում գտնվող անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին», – ասված Է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

CENTCOM-ում նշել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, ներառյալ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման»:

«Ամերիկյան կործանիչներն օպերատիվորեն արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական ՀՕՊ միջոցները, վերգետնյա կառավարման կետը և մեկանգամյա գործողության երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք ակնհայտ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար», – հավելել են CENTCOM-ում: Նշվում է, որ ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

Իր հերթին, Tasnim-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարված է հասցրել։

«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ բանակի կողմից Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում հեռահաղորդակցության աշտարակի դեմ իրականացված ագրեսիայից հետո ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի մարտիկները հարված են հասցրել ավիաբազային, որտեղից իրականացվել է հարձակումը։ Նախատեսված թիրախները ոչնչացվել են», – ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ում նախազգուշացրել են, որ նման գործողությունների կրկնության դեպքում պատասխանը «բոլորովին այլ» կլինի: Հնարավոր հետագա էսկալացիայի պատասխանատվությունը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ընկնելու է «ագրեսիվ և երեխաներին սպանող ամերիկյան ռեժիմի վրա»:

Քուվեյթն իր հերթին հայտնել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին: Նշվում է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում «թշնամական հրթիռային և անօդաչու հարձակումները»:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ:Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում (Պակիստան) կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է շրջափակել իրանական նավահանգիստները:

Sputnik Արմենիա