Логотип

Ռոսսելխոզնադզոր․ Հայաստանը պետք է կասեցնի դեպի ՌԴ ձկան արտահանման հավաստագրումը

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի դեպի ՌԴ արտահանվող կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը բոլոր տեղական ընկերությունների համար։ Բացառություն են կազմում միայն երկու ձեռնարկություն, որոնք հաջողությամբ անցել են ստուգումները։

Ռուսական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 21-27-ը տեսչական ստուգումներ են իրականացվել հայաստանյան ձկնավերամշակման ընկերություններում և իշխանի բուծման տնտեսություններում։ Ուշագրավ է, որ հայկական ձեռնարկությունների կեսը (50%-ը) հրաժարվել է ստուգումներից։

«Տեսչական ստուգումների արդյունքներով՝ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը, հայկական կողմը հունիսի 2-ից պետք է կասեցնի ռուսաստանյան ստացողների հասցեով կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ընկերությունների համար, բացառությամբ ստուգումն անցած երկու ձեռնարկությունների»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ թույլտվություն ստացած այդ երկու գործարանների ձկնամթերքը Ռուսաստան կներկրվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի (մշտադիտարկման) պայմանով։

News.am