Դատախազն այսօր «Մարտի 1–ի» գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախկին հրամանատարներ Պ.Պ.-ն (Պողոս Պողոսյան, 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար. խմբ․), Վ.Գ.-ն (Վալերի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար. խմբ․), Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան, 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, հետագայում՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ. խմբ․) և Լ.Ե.-ն (Լևոն Երանոսյան, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, հետագայում՝ ոստիկանության զորքերի հրամանատար. խմբ․) մեղադրվում են նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ):
Դատախազությունը պնդում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, թե հիշյալ զինվորականները, ապօրինի հրաման կատարելով, իրենց արձակած հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հ.-ի (Միքայել Հարությունյան. խմբ․) և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյանի. խմբ․), Ս.Օ.-ի (Սեյրան Օհանյան. խմբ․), Յու.Խ.-ի (Յուրի Խաչատուրով. խմբ․) կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:
2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։
ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)։
ՔԿ–ն փետրվարի 25-ին տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը։
Sputnik Արմենիա
