Логотип

Քոչարյան․ «TRIPP» նախագծի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է կապված լինել Իրանի և Հայաստանի միջև լարվածության ստեղծման հետ

Կարծում եմ, որ «TRIPP» նախագիծն ԱՄՆ-ի կողմից շատ ուժեղ քարոզչական քայլ է, որի նպատակն է լարվածություն ստեղծել Իրանի և Հայաստանի միջև, քանի որ դրանից հետո Թեհրանի մոտ անպայման անվստահություն կառաջանա։ Այս մասին ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ սա նաև «հարված» է Ռուսաստանին։

Նա հավելել է, որ Հայաստանը համաձայնել է նախագծին մասնակցության հենց այդպիսի մոդելի։ Քոչարյանն ընդգծել է, որ «TRIPP» նախագիծն այն է, ինչ արդեն իսկ գրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 9-րդ կետում։

«Հիմա դա անվանել են «TRIPP», հսկայական գովազդային արշավ են սկսել և ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածն ուռճացրել մինչև մոլորակային մասշտաբների։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 100-150 միլիոն դոլարի ներդրում, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինն այս նախագծում կազմում է 26%։ Այսինքն՝ ֆինանսական առումով մեզ համար դա կոպեկներ են։ Ամերիկյան շահեր այստեղ օբյեկտիվորեն չեն երևում, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը չնչին է»,- նշել է նա։ Հայաստանի երկրորդ նախագահը ենթադրել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է լինել Իրանի և Հայաստանի սահմանին ներկայություն ունենալը՝ հիշեցնելով, որ սահմանակից մյուս բոլոր երկրները հեղեղված են ամերիկյան ռազմաբազաներով։

Նրա գնահատմամբ՝ որպեսզի «TRIPP»-ն աշխատի նաև հօգուտ Հայաստանի, այն պետք է ընդլայնել և հասցնել մինչև Երասխ, իսկ Իրանի արձագանքի ռիսկերը չեզոքացնելու համար կարելի է նախագծում ներգրավել այլ խաղացողների, որոնց Թեհրանը բարեկամաբար է ընկալում։

«Դա կարող է լինել Ռուսաստանը, կարող է լինել Չինաստանը։ Այսինքն՝ ոչ թե հրաժարվել նախագծից և հարվածել ԱՄՆ նախագահի ինքնասիրությանը, այլ կարևոր է, որ այն օգտակար լինի մեզ համար, և կարևոր է հարթել Իրանի ընկալման հետ կապված ռիսկերը։ Ցանկացած ղեկավար պետք է գնահատի ռիսկերը և հասկանա, թե ինչպես չեզոքացնի դրանք»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։

News.am