Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն դատախազության միջնորդությունը վերադարձրել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընտրացուցակով ընտրված պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«ԿԸՀ-ն միջնորդությունը վերադարձրել է, այսինքն խափանման միջոցի հարց՝ կլանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»,-ասել է նա։
Վարդևանյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն միաձայն է կայացրել միջնորդությունը վերադարձնելու որոշումը՝ այն հիմնավորմամբ, որ Նարեկ Կարապետյանը պատգամավոր է։
«Ես առնվազն մի բան կասեմ։ Եկեք հղում անեմ իմ կողմից ներկայացված հանգամանքներին։ 2021-ի օգոտոս ամսից ես խոսում էի նրա մասին, որ պատգամավորի վկայական ստացած անձին չի կարելի կալանավորել, իսկ կալանավորելու դեպքում պետք է ազատ արձակել, իսկ ցանկության դեպքում՝ միայն ԱԺ համաձայնությամբ։ Հիմա նույն նախադասությունն ասում են 2026 թվականի հուլիսի 21-ից։ Հղում էի անում ՍԴ 16-19 որոշմանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերեց, չես կարող ազատազրկել, ով ուզում ես կամ ինչ ցանկություն ուզում ես ունեցիր։ Դատախազության դիրքորոշումն այնպիսին չէր, որ իրենք գտնում էին, որ իրենց միջնորդությունը վերադարձման ենթակա է»,-ասել է նա։
