Եվրոպական հանձնաժողովը վերջնականապես չեղարկել է Վենետիկի բիենալեին հատկացված 2 միլիոն եվրոյի դրամաշնորհը՝ ցուցահանդեսին Ռուսաստանի մասնակցությունը թույլատրելու պատճառով, հայտնում է AFP-ն։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենյեն հայտարարել է, որ «եվրոպացի հարկատուների հաշվին ֆինանսավորվող մշակութային միջոցառումները պետք է ստարեն ժողովրդավարական արժեքներին, բաց երկխոսությանը, բազմազանությանն ու արտահայտվելու ազատությանը»։ Սրանք սկզբունքներ են, որոնք, նրա խոսքով, «այսօրվա Ռուսաստանում չեն պահպանվում»։
Մայիսին մեկնարկած բիենալեին Ռուսաստանն առաջին անգամ էր մասնակցում 2022 թվականի ներխուժումից ի վեր։ Այս որոշումը խիստ քննադատության է արժանացել Կիևի և ԵՄ ղեկավարության կողմից։ Իտալիայի կառավարությունն ու ցուցահանդեսի կազմակերպիչները մեղադրվել են պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ։
Ուկրաինայի մշակույթի նախարար Տատյանա Բերեժնայան Ռուսաստանի մասնակցությունը համեմատել է «սերիական մարդասպանին ընկերների հետ ճաշկերույթի հրավիրելու» հետ։ Իսկ բիենալեի միջազգային ժյուրին, ի նշան բողոքի, հրաժարական է տվել ռուսական տաղավարի բացման պատճառով։
Արդյունքում, Եվրահանձնաժողովն 30 օր ժամանակ տվեց Իտալիային՝ իր որոշումը հիմնավորելու համար։ Միջոցառման կազմակերպիչները հերքել են Եվրամիության կանոնները խախտելու մեղադրանքները՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի հիմքում ընկած են «բաց լինելու, երկխոսության, ինչպես նաև ցանկացած տեսակի սահմանափակում կամ ցենզուրա մերժելու» սկզբունքները։ Իտալիայի կառավարությունն էլ հայտարարել է, որ Բիենալեն գործում է Հռոմի պաշտոնական դիրքորոշումից «լիովին անկախ»։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովն այս հիմնավորումները համոզիչ չի համարել։ Կազմակերպիչները նշել են, որ սպասում են դրամաշնորհի չեղարկմանը և մտադիր են «իրենց իրավունքները պաշտպանել բոլոր ատյաններում»։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորման մերժումն աննախադեպ դեպք է եղել Ժամանակակից արվեստի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսի՝ Բիենալեի պատմության մեջ։ Իտալիայի մշակույթի նախարարությունն արդեն հայտարարել է, որ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ է փնտրելու։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրամաշնորհը կազմել է Բիենալեի բյուջեի զգալի մասը, և դրա կորուստը կարող է հանգեցնել հետագա ցուցահանդեսների մասշտաբների կրճատմանը։ Այդուհանդերձ, կազմակերպիչները պնդել են, որ ստեղծված իրավիճակը «էական ազդեցություն չի ունենա» ընթացիկ և նախատեսված ծրագրերի վրա։
News.am
