Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։
Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։
Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։
Sputnik Արմենիա
